• Latest news

Աշտարակ խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին ապօրինի ազատել են աշխատանքից. «Առողջության իրավունք» ՀԿ

6 փետրվարի, 2023  16:04

Աշտարակ խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին ազատվել են աշխատանքից, ընդ որում տեղեկացնելով, որ հետհաշվարկ է արվելու, եւ աշխատավարձերի այն մասը, որը նրանք ստացել են, ըստ համայնքի նոր ղեկավարության, ապօրինի կերպով, պետք է նրանցից բռնագանձվի։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Առողջության իրավունք» կազմակերպության համաղեկավար Անուշ Պողոսյանը։

Նա պարզաբանեց, որ խոսքը գյուղական ամբուլատորիաների մասին է, այսպես կոչված ընտանեկան բժիշկների գրասենյակների, որոնք նախկինում գյուղապետարանների ենթակայության տակ էին, իսկ հիմա անցել են Աշտարակի համայնքապետարանի ղեկավարության տակ։

Ինչպես պարզաբանեց կազմակերպության մեկ այլ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը, դրանք փոքր գրասենյակներ են՝ 5-6 աշխատակիցներով, եւ ընտանեկան բժիշկն այնտեղ համատեղությամբ զբաղեցնում է տնօրենի պաշտոնը։ Հենց դա էլ Աշտարակի համայնքապետարանի կողմից մեղադրանքի պատրվակ է դարձել․ նրանք վկայակոչում են ՊՈԱԿ-ների մասին օրենքը, ըստ որի՝ նման կազմակերպության ղեկավարը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք, բացի մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանքից։ Բայց, ըստ Ծաղիկ Վարդանյանի, իրենք «օրենքն ամբողջությամբ չեն կարդացել», քանի որ առողջապահության ոլորտի հետ կապված վերապահում կա, ըստ որի՝ ամբուլատորիայի տնօրեն կարող է նշանակվել ընտանեկան բժիշկը, մանկաբույժը կամ թերապեւտը, եւ կարող է համատեղել այս երկու պաշտոնները։

Անուշ Պողոսյանի խոսքով՝ այսօր Աշտարակ համայնքում ընդգրկված է եւս մեկ գյուղական ամբուլատորիա, որը ղեկավարում է ատամնաբույժ, որի նկատմամբ համայնքապետարանը ոչ մի բողոք չունի, մինչդեռ հենց ինքն է տնօրենի պաշտոնն ապօրինի զբաղեցնում։

Ծաղիկ Վարդանյանը հավելեց, որ ընտանեկան բժիշկները պետպատվերի շրջանակներում ստանում են մեկ շնչի հաշվով աշխատավարձ՝ իրենց մոտ հաշվառված բնակիչների թվով։ Իսկ հաշվառված  բնակիչների մեծ թիվը վկայում է այս բժիշկների նկատմամբ վստահության մասին։

Մասնագետները բացատրեցին նաեւ, որ ամբուլատորիաների ազատված ղեկավարներից սպառնում են գանձել ոչ թե տնօրենի աշխատավարձը, որը կազմում է ամսական առավելագույնը 100 հազար դրամ, այլ ընտանեկան բժշկի՝ 2005 թվականից մեկ շնչի հաշվով ստացված վճարումները, որոնք կարող են ամսական 300-400 հազար դրամ կազմել, ինչը նրանք անհեթեթություն են համարում։

Ծաղիկ Վարդանյանը ընդգծեց նաեւ, որ Հայաստանի գյուղական բնակավայրերում ընտանեկան բժիշկների ինստիտուտը  ստեղծվել է մեծ դժվարությամբ 1997 թվականից, եւ տեղական ղեկավարների նման անհեռատես գործողությունները կարող են խաթարել տարիների ընթացքում ստեղծված համակարգը։

«Առողջության իրավունք» կազմակերպությունն այս խնդրով դիմել է Ազգային ժողովի առողջապահության հարցերով հանձնաժողովին, Կառավարությանը, ինչպես նաեւ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին, սակայն պատասխան դեռ չի ստացել։ Տեսչական մարմնին են դիմել նաեւ աշխատանքից ազատված ամբուլատորիաների տնօրենները, քանի որ նրանց աշխատանքից ազատելը կատարվել է աշխատանքային օրենսդրության խախտմամբ։

Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ իրենց կազմակերպությունը չի դիմել առողջապահության նախարարություն, քանի որ ԱՆ թեժ գծին դիմած տնօրեններին ասել են, որ այս ամբուլատորիաները գտնվում են Աշտարակի համայնքապետարանի ենթակայության տակ, եւ իրենք չեն կարող նրանց օգնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է