• Latest news

Դեղերի դրոշմավորման պահանջը շուկայի կազմաքանդման է բերելու. ԴԱՆ

29 հոկտեմբերի, 2014  16:38

Մենք շարունակելու ենք բացատրել ղեկավարությանը, որ այս ամենը անիմաստ խոչընդոտներ հարուցող միջոցառումներ են, որոնք թե ֆինանսական կորուստների, թե սոցիալական դժգոհության, թե արդեն կազմավորված շուկայի որոշակի մասով կազմաքանդման, եւ թե, ամենակարեւորը, սպառողներին՝ հիվանդանոցներին, դեղատներին, բանակին դեղամիջոցներով ապահովման համակարգի կաթվածահարման են հանգեցնելու։ Այս մասին NEWS.am Medicine–ի հետ զրույցի ընթացքում Դեղարտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանն է նշել՝ ի պատասխան հարցի, թե միության անդամներն ինչ են մտադիր անել՝ պարտադիր դրոշմապիտակավորման որոշմանը դիմակայելու համար, քանի որ այն արդեն իսկ նոյեմբերի 1–ից է ուժի մեջ մտնելու, իսկ կառավարությունն էլ, ինչպես վերջին խորհրդարանական լսումները ցույց տվեցին, իր որոշումից հետ կանգնելու մտադրություն չունի՝ չնայած դեղերի շուկայի մասնակիցների մեծ դժգոհությանը։

Սամվել Զաքարյանի խոսքով, դեղարտադրողներն ու ներմուծողները այս որոշման մեջ ոչ թե քաղաքական կոնտեքստ, այլ ավելի շուտ սխալմունք են տեսնում, որն, այդուհանդերձ, կառավարությունն ընդունել չի ցանկանում, որպեսզի ոչ մասնագիտական մոտեցման մեջ չմեղադրեն։ «Դեղերի նկատմամբ դրոշմապիտակավորման պահանջ աշխարհի որեւէ երկրում չկա. սա մեր հայկական մտքի թռիչքն է եւ ինչ որ մեկի ոչ մասնագիտական էքսպերիմենտը՝ բավականին առողջ վիճակում գտնվող, կազմավորված դեղագործական ոլորտում։ Ես ավելի շատ հակված եմ նրան, որ այդ որոշումը կայացնելիս ոչ ոք մասնագիտորեն չի խորացել, ավելին, մեզ հետ չեն էլ խորհրդակցել։ Մարդիկ ուղղակի մտցրել են, ընդ որում շատ արագ, հիմա էլ երեւի ամաչում են ընդունել, որ սխալ են արել, եւ ցանկություն չունեն հետ կանչելու», – մեկնաբանել է Ս. Զաքարյանը՝ նշելով, որ ներկայումս դեղերի ներմուծումը մի քանի փուլով է վերահսկվում, եւ ամենափոքր սրվակն ու հաբն անգամ գրանցում են գտնում՝ մաքսային մարմինների կողմից։ «Այսինքն, եթե իրենք պնդում են, որ կա ստվերային տնտեսություն՝ ներմուծման մասով, ուրեմն պետք է հասկանալ, թե որտեղից։ Մենք չենք ասում, որ չկան մաքսանենգ ճանապարհով բերված դեղեր, բայց դա մաքսայինի խնդիրն է, այլ ոչ թե՝ մասնավոր հատվածինը», – նշել է ԴԱՆ նախագահը։

Սամվել Զաքարյանի կարծիքով, խնդրո առարկա որոշումը տնտեսական առումով եւս լուրջ հիմնավորում չունի, քանի որ, եթե կառավարության հաշվարկները ճիշտ են, եւ ստվերն այստեղ իրոք 15-20 տոկոս է կազմում, ապա այդ 20 տոկոսը հարկային դաշտ բերելով, պետությունն ընդամենը 4.5 – 5 մլն դոլարի մուտք կունենա (դեղերի շրջանառության ծավալը Հայաստանում տարեկան 100 մլն դոլար է), իսկ դրոշմապիտակների պատրաստման համար մոտ 1 մլն դոլար է ծախսվելու։ «Փոխարենը կազմաքանդվելու, պարալիզացվելու է մի ամբողջ լուրջ ոլորտ, որն աշխատում է միջազգային չափանիշներով եւ կանոնակարգերով։ Այնպես որ, ինչպես ասում են, խաղը չարժե մոմերին», – նշել է Սամվել Զաքարյանը։

Կառավարության գնահատականի համաձայն, դրոշմապիտակավորումը դեղերի՝ 2-5 դրամով թանկացման կարող է հանգեցնել, սակայն շուկայի մասնակիցները կարծում են, որ թանկացումը շատ ավելի էական կլինի, թեպետ հստակ թիվ չեն կարող ասել, քանի որ կոնկրետ հաշվարկները դեռեւս անհնար են։

Կառավարությունը, որպես որոշման հիմնավորում, նաեւ կեղծ դեղերի եւ կենսաահաբեկչության դեմ պայքարն է մատնանշում, սակայն, փորձագետի կարծիքով, դա միանգամայն աբսուրդ պնդում է։ «Դրոշմապիտակի դեպքում խոսքը քանակական եւ գնային վերահսկման մասին է, այլ ոչ թե՝ կեղծ դեղերի եւ կենսահաբեկչության դեմ պայքարի», – նշել է նա՝ հավելելով, որ դրա համար հստակ մշակված մեխանիզմներ գոյություն ունեն։ Ավելին, ըստ նրա, եթե այս պարագայում դրոշմապիտակավորված դեղատուփը դեղատանը բացվի, միջից հաբերը հանվեն, եւ ուրիշ հաբեր դրվեն, դրոշմակնիքը ոչնչով չի օգնի։

Դեղարտադրողներն ու ներմուծողները իրենց կարծիքն առ այն, որ ստվերի դեմ պայքարը ֆիսկալ մարմինների խնդիրն է, որ այն չի կարելի մասնավոր հատվածի վրա բարդել, եւ որ երեւակայական 20 տոկոսի համար չի կարելի 80 տոկոսի կայացած բիզնեսը քանդել, տարբեր հարթակներում են հայտնել եւ անգամ ընդդիմադիր լինելու մեջ մեղադրվել։ Սակայն, ինչպես Սամվել Զաքարյանն է պարզաբանել, բոլոր լսումներն ու քննարկումները այս պարագայում կառավարության օգտին են աշխատում, որովհետեւ հնարավորություն են ընձեռում համարելու, թե հարցը լսվել եւ քննարկվել է, բայց որ դրա արդյունքում ոչինչ չի փոխվել՝ ոչ ոք չի հիշում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1–ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությամբ Հայաստան ներմուծվող կամ տեղում արտադրվող բոլոր դեղերը պետք է հատուկ դրոշմապիտակ ունենան։ Դրոշմապիտակները պետության կողմից են տրամադրվելու, իսկ դրոշմավորման գործընթացը պետք է ներկրողը կամ արտադրողն իրականցնի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է