• Latest news

Կանանց ընդգրկվածությունը արգանդի պարանոցի սքրինինգային ծրագրում պետք է կազմի 80%

6 փետրվարի, 2015  20:57

Հայաստանում դեռեւս 2007թ.-ին գործարկվել էր Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման ազգային ծրագիրը: Սպասվում էր, որ պետպատվերի շրջանակում իրականցվող լայնածավալ այս ծրագրում կանանց ընդգրկվածությունը պետք է կազմի 50 տոկոս: Այդուհանդերձ՝ մի շարք օբյեկտիվ պատճառներով՝ համապատասխան մասնագետների, սարքավորումների, լաբորատորիների պակասը, ինչպես նաև PAP թեստի (հետազոտման թեստ է, որը կատարվում է արգանդի պարանոցի կամ վզիկի նախաչարորակ և չարորակ ընթացքները հայտնաբերելու համար) թանկ լինելը,  ծրագրում ընդգրկված կանանց թիվը  զգալիորեն ցածր է եղել:

Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց  Հայաստանի ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը:

Այն, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է իրականցվում է այս ծրագիրը, օրեր առաջ մեզ հայտնեց Հայաստանի բժշկական կենտրոններից մեկի ներկայացուցիչը, ինչը, սակայն, մեզ շատ զարմացրեց,  քանի որ մեր հեռու և մոտիկ շրջապատում հնարավոր չեղավ գտնել մի կնոջ, որին առաջարկած կլինեին անվճար PAP թեստ հանձնել: Դրանից ուղիղ երկու օր անց Առողջապահության նախարարությունը մամուլի հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր, թե 2015թ.-ի հունվարից մեկնարկելու են մի շարք սքրինիգային ծրագրեր, այդ թվում՝ արգանդի վզիկի կանխարգելման: Ճշտելու համար, թե իրականում  երբվանից է գործում այդ ծրագիրը, դիմեցինք Առողջապահության ազգային ինստիտուտի օգնությանը:  Պարզվեց, որ վերոնշյալ ծրագիրը մինչեւ այժմ թղթի վրա է եղել, եւ հիմա ամեն ինչ նորից է սկսվելու:

Ինստիտուտից մեզ տեղեկացրին, որ իրավիճակը մանրազնին ուսումնասիրելուց հետո Համաշխարհային բանկի հետ միասին իրենք մշակել են նոր ռազմավարություն՝ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների (այդ թվում՝ արգանդի պարանոցի քաղցկեղի) դեմ պայքարի ծրագիրը կյանքի կոչելու համար: Մասնավորպես՝ իրականացվել է առաջին օղակի մասնագետների վերապատրաստում: Ընդհանուր առմամբ վերապատրաստվել է մոտ 2700 մասնագետ, այդ թվում՝ տեղամասային թերապեւտներ, ընտանեկան բժիշկներ  եւ գինեկոլոգներ: Այսօր արդեն համապատասխան պայմանների առկայության դեպքում ընտանեկան բժիշկը նույնիսկ գյուղական համայնքում կարող է PAP թեստի համար քսուք վերցնել՝ վստահեցրեց Ազգային ինստիտուտի ներկայացուցիչը:

 Նոր ռազմավարության համաձայն՝ Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքի վարչական շրջաններում պետք է հատուկ լաբորատորիաներ ընտրվեն՝ PAP թեստ կատարելու համար:

Ինստիտուտից նաեւ ասացին, որ բժիշկներին խրախուսելու համար նույնիսկ հավելավճարային համակարգ է մշակվել, ուստի բժիշկներն էլ պետք է անձամբ շահագրգռված լինեն, որպեսզի հնարավորինս շատ մարդ մասնակցի այդ ծրագրին:

Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2015թ. հունվարից 35-ից 68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու իրենց սպասարկող պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում` զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի ախտորոշման համար, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման եւ քաղցկեղի կանխարգելման նպատակով: Սպասվում է, որ արգանդի պարանոցի սքրինինգային ծրագրում կանանց ընդգրկվածությունը կկազմի 80 տոկոս:

NEWS.am Medicine-ն իր հերթին կոչ է անում բնակչությանը, հատկապես՝ կանանց, բաց չթողնելու բուժզննման այդ հնարավորությունը, քանի որ PAP թեստ կատարելը բավական թանկ է, իսկ ծրագրի շրջանակում այն կարվի անվճար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել