• Latest news

Ինֆարկտ սեքսի ժամանակ եւ որքա՞ն երկար կարող է սիրտը սիրահարված մնալ

15 փետրվարի, 2014  09:42

NEWS.am Medicine-ի ընթերցողների հարցերին պատասխանում է ինվազիվ սրտաբան «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան Միքայել Ադամյանը։

1.Կարելի՞ է արդյոք որպես պրոֆիլակտիկ միջոց օգտագործել «ասպիրին կարդիո» եւ որքա՞ն ժամանակ։ Այդ մասին շատ են խոսում բժիշկները ռուսական հեռուստաալիքներով։

Ջ. Վ.

 -Ասպիրինը պրոֆիլակտիկ օգտագործել չի կարելի։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել միայն բժշկի ցուցումներով, որովհետեւ ասպիրինը որքան օգուտ է, այնքան էլ ունի բազմակի ոչ ցանկալի ազդեցություններ, եւ կարող է նպաստել տարբեր հիվանդությունների առաջացմանը։ «Ասպիրին կարդիոն» հատուկ պատիճով է, այն լուծվում է աղիների մեջ, ոչ թե ստամոքսում։ Այդ պատճառով այս դեղը պետք է օգտագործել ուտելուց առաջ, այլ ոչ հետո, ինչպես սովորական ասպիրինը, եւ պետք է խմել մեծ բաժակ ջրով։

 2.Ես 51 տարեկան եմ եւ ունեմ սինուսային առիթմիա, որը հիմնականում առաջանում է նստելու և պառկելու ժամանակ: Արդեն 10 տարի, է ինչ լեղապարկս հեռացված է: Հնարավո՞ր է, որ դա նպաստում է առիթմիայի առաջացմանը:

Ի՞նչ կարող եմ օգտագործել առիթմիայի ժամանակ:

Ս. Հ.

-Լեղապարկի հեռացումը առիթմիային նպաստել չի կարող։ Առիթմիայի դեմ դեղորայք օգտագործելու համար անհրաժեշտ է սկզբից հասկանալ, թե ինչ առիթմիայի հետ գործ ունենք, ուստի պետք է իրականացնել տարբեր հետազոտություններ՝ սրտագրություն, ուլտրաձայնային հետազոտություն եւ այլն, եւ հետո նոր բուժում նշանակել առիթմիայի համար։ Եթե սինուսային առիթմիան սիմպտոմատիկա չի առաջացնում, ապա դեղորայք օգտագործել պետք չէ։

3.Ես 27 տարեկան եմ։ Օրվա ընթացքում լինում են պահեր, երբ սրտիս շրջանում ծակոցներ եմ զգում, եւ ծակոցները երբեմն ցավերի տեսքով ուղեկցվում են մինչեւ ձախ ձեռքիս դաստակը։ Եթե հնարավոր է, պարզաբանեք, թե ինչը կարող է նման երեւույթների պատճառ դառնալ եւ ինչ կարելի է անել։ Նշեմ նաեւ, որ ես չեմ խմում եւ չեմ ծխում։

Ա. Վ.

-Հարգելի Անի, ձեր գանգատները սրտաբանական գանգատներին նման չեն, թեպետ այդ տարիքում աղջիկների մոտ նման գանգատներ կարող են լինել եւ միտրալ փականի պրոլապսի դեպքում։ Այդ պատճառով ես խորհուրդ կտամ իրականացնել էխոկարդիոգրաֆիա տվյալ խնդիրը ժխտելու նպատակով։ Բայց այն, ինչ դուք եք նշում, ավելի շատ նման է նեւրալգիկ կամ մկանային ցավերի։ Խորհուրդ կտամ ապրել ակտիվ կյանքով։

4. Ինչո՞վ են վալերիանայի դեղին հաբերը տարբերվում կանաչից։

Ա.

Կանաչ հաբերը ավելի բուժական են համարվում, որքան ես տեղեկացված եմ, նրանք վալերիանայի ավելի մեծ դոզա են պարունակում, այդ պատճառով նշանակվում են երեկոյան որպես ավելի ուժեղ հանգստացնող միջոց։

5. Ո՞ր տարիքից եւ ի՞նչ հաճախականությամբ է պետք իրականացնել սրտի կանխարգելիչ ստուգումներ, եթե անգամ ոչ մի տեղդ չի ցավում։

Ա.

-Սովորաբար խորհուրդ է տրվում ստուգվել տարին մեկ անգամ 18-ից 40 տարեկան տղամարդկանց եւ 18-ից 50 տարեկան կանանց։ Բայց քանի որ տեղի է ունենում հիվանդությունների երիտասարդացում, ապա պետք է ավելի հաճախակի ստուգվել՝ կես տարին մեկ անգամ։

6. Ես սպորտով եմ զբաղվում։ Ճի՞շտ է, որ սպորտով զբաղվելը 80 տոկոսով կանխարգելում է մահացությունը սիրտ-անոթային հիվանդություններից։

Կ. Գ.

-Վիճակագրության համաձայն պրոֆեսիոնալ սպորտը բերում է սրտի ավելի հաճախակի պրոբլեմների, եթե դա կապված է գերծանրաբեռնվածության հետ։ Բայց սիրողական սպորտով զբաղվելու դեպքում, այո, ես ձեզ հետ համաձայն եմ, դա 80տոկոսով նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, եթե իհարկե դուք ի սկզբանե սիրտ-անոթային խնդիրներ չունեք։

7. Եթե ընտանեկան անամնեզում կան սիրտ-անոթային հիվանդություններ, ո՞ր տարիքից է պետք անհանգստանալ, ինչ-որ հետազոտություններ կատարել, ու ի՞նչ անել այդ հիվանդություններից խուսափելու համար։

Արմեն

-Անհրաժեշտ պրոֆիլակտիկ միջոցառումներն են ակտիվ ֆիզիկական կյանքը, չծխելը, ալկոհոլի սահմանափակ օգտագործումը։ Եթե հիվանդությունները կապված են որոշակի փականային պրոբլեմների հետ, խորհուրդ է տրվում բակտերիալ էնդոկարդիտի պրոֆիլակտիկա, ինֆեկցիոն օջախների վերացում, բուժում, եւ խորհուրդ է տրվում առնվազն վեց ամիսը մեկ հետազոտվել։

8. Ես 30 տարեկան եմ, ունեմ առիթմիա՝ գրասենյակային աշխատող եմ, ծխում եմ, ի՞նչ խորհուրդ կտաք անել հետագա բարդություններից խուսափելու համար։ Կ.

-Նախ ցանկալի է հայտնաբերել, թե դա ինչ առիթմիա է։ Այսինք, դա ձեր սուբյեկտիվ զգացողությունն է, թե՞ իրոք ունեք առիթմիա։ Խորհուրդ կտամ ծխելը միանշանակ դադարացնել, վարել ակտիվ ֆիզիկական կյանք։ Եվ քանի որ օֆիսային աշխատանքը նստակյաց է, խորհուրդ կտամ հաճախակի այցելել մարզադահլիճ։

9. Տղաս 1989 թվականի ծնված է, մանուկ հասակում ունեցել է առիթմիա, հետո կրկնվել է երիտասարդ տարիքում։ Բանակի համար բուժզննում անցնելիս մեզ ասել են, որ այդ թվականներին ծնվածների մոտ այդպիսի խնդիրները շատ են, ունեք արդյոք այդպսիսի տվյալներ։ Ինչի՞ հետ է դա կապված։

Ա.

-Ճիշտն ասած, այդպիսի վիճակագրություն չի իրականացվել այդ թվականների վերաբերյալ, այնպես որ այդ հարցին ինչ-որ բան չեմ կարող պատասխանել։ Իսկ եթե հայտնաբերբվել է առիթմիա, ապա պետք է անցնել բուժզննում, էլեկտրասրտագրություն, դոպլեր հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն, եւ եթե հայտնաբերվի որեւէ խնդիր, կիրականացվեն այլ միջոցառումներ։

10. Ճի՞շտ է արդյոք, որ շատացել են ինֆարկտի դեպքերը երիտասարդների շրջանում։ Ի՞նչ տարիքի է եղել ինֆարկտ տարած ձեր ամեն իրատասարդ հիվանդը։ Ո՞րն է երիտասարդների մոտ ինֆարկտի պատճառը։

Հ.

-Այո, երիտասարդների մոտ բավականին հաճախացել են ինֆարկտները, ինֆարկտի տարիքային շեմը իջել է։ Իմ ամենաերիտասարդ ինֆարկտ տարած հիվանդը եղել է 18 տարեկան։ Հիմնական պատճառը թրոմբոզն է, այսինքն, անոթների ներսում թրոմբի առաջացումը։ Ցավոք սրտի, այսօր շատացել են նաեւ աթերոսկլերոզի դեպքերը երիտասարդ տարիքում։

11.Սրտի հետ խնդիր ունեցող մարդիկ ինչպե՞ս պետք է սեքսով զբաղվեն։ Կա՞ն ինչ-որ սահմանափակումներ, կամ խորհուրդներ։ Չէ որ բոլորս լսել ենք դեպքերի մասին, երբ տղամարդիկ մահացել են սրտի կաթվածից սեքսի ժամանակ։

Ն.

- Հարգելի Նառա, դուք իրավացի եք, նմանատիպ դեպքեր գրանցվել են եւ լինում են։ Հիմնականում սեքսը որպես իսկական ծանրաբեռնվածություն բերում է սիրտ-անոթային պրոբլեմների խորացմանը։ Այսինքն, այն մարդկանց մոտ, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, ինֆարկտի հավանականությունը սեքսի ժամանակ մեծանում է։ Խորհուրդ կտամ ձեր զուգընկերոջը պարբերաբար հետազոտվել նմանատիպ միջադեպերից խուսափելու համար։

Ես անձամբ երկու այսպիսի դեպք ունեցել եմ, ոչ մահացու ելքով, նրանց հասցրել են բերել հիվանդանոց։

12. Ինչպե՞ս կարելի է տարբերել նախաինֆարկտային վիճակը, եւ ի՞նչ անել այդ ժամանակ։

Յ.

-Նախաինֆարկտային նշանները հիմնականում արտահայտվում են ցավի տեսքով կրծքավանդակի մեջտեղում, լինում է ծանրության, սեղմոցի զգացում, կոկորդի սեղմոց։ Այս նշանները կարող են տեւել վայրկյաններից մինչեւ ժամեր, եւ ժամեր տեւելու դեպքում դրանք հանգեցնում են ինֆարկտի։ Նմանատիպ խնդիրների ժամանակ պետք է շտապ դիմել բժշկի, իսկ տնային պայմաններում մինչեւ բժիշկների հասնելը հիվանդին պետք է պառկացնել եւ տալ նիտրոգլիցերին ։

13. Որքա՞ն երկար կարող է սիրտը սիրահարված վիճակում մնալ։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ կոտրում են սիրտը։ Ինչո՞վ է տարբերվում սիրահարվածի էլեկտրասրտագրությունը։

Ա.Ղ.

-Սիրահարվածի մոտ լինում է միայն արտահայտված հաճախասրտություն, այլ տարբերություններ չեն լինում։ Ուստի էլեկտրասրտագրությամբ հայտնաբերել, պացիենտը սիրահարվեծ է, թե ոչ, հնարավոր չէ, ցավոք սրտի։ Իսկ սիրտը կարող է սիրահարված մնալ մինչեւ իր աշխատանքի ավարտը։

14. 87 տարեկան կինը ունի սիրտ-անոթային անբավարարություն։ Նրա ձեռքերը ուժեղ ցավում են։ Ինչի նշան դա կարող է լինել։ Հնարավո՞ր է, որ դա նախաինֆարկտային նշան է։

Յ.

-Այդ տարիքի կնոջ մոտ նման սիմպտոմները ավելի շատ կարող են պայմանավորված լինել օսթեոպորոզով կամ օսթեխոնդրոզով։ Բայց եթե արմունկի, ուսի եւ դաստակի շրջանում ցավեր կան, ապա դրանք կարող է եւ սրտային խնդիրներով առաջացած լինեն։ Բայց, այնուամենայնիվ, դա օսթեոպորոզի եւ օսթեոխոնդրոզի ավելի նման է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է