• Latest news

Այսուհետ դեղերի գրանցման ժամանակ հայ արտադրողներին չե՞ն վերադարձնի վճարված գումարի 75 տոկոսը

20 հունվարի, 2016  01:45

2015-ի դեկտեմբերին Հայաստանում դեղ արտադրողները Դեղերի փորձագիտական կենտրոնից նամակներ են ստացել, որոնցում ասված է, որ դեղերի գրանցման ժամանակ նրանց այլեւս չի վերադարձվի վճարված գումարի 75 տոկոսը: Այդ մասին հունվարի 19-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով, այն երեք ընկերությունը, որոնք  GMP էին ստացել, նամակներ են ստացել, որոնցում ասվում է, որ իրենք արդեն  GMP ունեն, այդ պատճառով իրենց այլեւս չի վերադարձվի այդ 75 տոկոսը: Իսկ մնացած բոլորին նամակ է եկել` հաղորդագրությամբ, որ իրենց եւս չեն վերադարձնի  75 տոկոսը, որովհետեւ առայժմ չունեն  GMP սերտիֆիկատ:

Սամվել Զաքարյանը հիշեցրել է, որ  2005-ին Հայաստանի առողջապահության  նախարարը հրաման էր ստորագրել այն մասին, որ դեղերի գրանցման համար վճարվող 900 000 դրամի 75 տոկոսը վերադարձվի տեղական արտադրողին հետագա զարգացման,   GMP հավաստագրի եւ այլնի համար: Հայ 8  արտադրողից 3-ն արդեն ստացել է GMP: «Մինչեւ հիմա տեղական արտադրության խթանման մեկ գործուն մեխանիզմ կար, այժմ դա էլ են վերացնում», - ասել է նա: 

Սամվել Զաքարյանը տեղեկացրել է, որ ԴԱՆՄ Միությունը դեռեւս անցյալ տարվա սկզբին, երբ այդ 75 տոկոսի չվերադարձման հարցը սկսել էր քննարկվել, պաշտոնական նամակներ էր ուղարկել ինչպես Հայաստանի Առողջապահության նախարարություն, այնպես էլ Էկոնոմիկայի նախարարություն եւ վարչապետին: Այդ նամակներին պատասխան չէր ստացվել, իսկ վերջերս Առողջապահության նախարարությունից մեր արտադրողներին հայտնել են, որ նման նամակ չեն ստացել: Մինչդեռ, ինչպես նշել է Սամվել Զաքարյանը, Միության բոլոր պաշտոնական նամակները գրանցվում են: 

«Այժմ մենք մեր առաջարկներով նոր նամակ ենք նախապատրաստում», - ասել է նա` պարզաբանելով, որ այդ առաջարկների էությունը հետեւյալն է. արտադրողները  900 000 պիտի վճարեն դեղի միայն առաջին գրանցման ժամանակ, հինգ տարի անց, կրկնակի գրանցման դեպքում, երբ արդեն լաբորատոր փորձաքննություն չի անցկացվում, կրկնակի մուծված 900 000 դրամի 75 տոկոսը պիտի վերադարձվի: Ավելին` երկրորդ գրանցման ժամանակ դեղամիջոցն արդեն անժամկետ պիտի գրանցվի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել