• Latest news

Հայաստանում Հնդկաստանի դեսպանը «Մուրացան» կլինիկային տալասեմիայի բուժման դեղ է նվիրաբերել (ֆոտո)

23 մարտի, 2016  15:45

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրին դեղամիջոցներ է նվիրաբերել տալասեմիայով տառապող երեխաների բուժման համար:

Ինչպես նվերն ընդունելիս նշել է համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանը, սա Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան միակ բարեգործական ակցիան չէ հիվանդ երեխաներին օգնելու նպատակով: Ավելի վաղ  Սուրեշ Բաբուն «Մուրացան» կլինիկային դեղամիջոցների եւս մեկ խմբաքանակ էր նվիրել, ինսչպես նաեւ իր անձնական միջոցներից գումար է փոխանցել «Մուրացան» հիմնադրամին:

Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ այսօրվա ակցիան հայ-հնդկական ջերմ հարաբերությունների ուղղակի վկայությունն է: Նրա խոսքով, պարոն Բաբուի Հայաստանում գտնվելու տարիների ընթացքում այդ հարաբերություններն ավելի են ամրապնդվել:  

Նա նշել է, որ առողջապահության ոլորտում Հնդկաստանի հետ մի քանի հեռանկարային ծրագիր է իրականացվում, որոնցից մեկը Հայաստանի մարզերում իրականացվող հեռաբժշկության նախագիծն է, որի համար հնդկական կողմը տրամադրել է անհրաժեշտ բոլոր սարքավորումները: 

Սերգեյ Խաչատրյանն ափսոսանք է հայտնել այն առումով, որ Սուրեշ Բաբուն արդեն թողնում է իր պաշտոնը, բայց ավելացրել է, որ պայմանավորվածություն կա, որ նա Հայաստան կգա մասնավոր այցերով: 

Ինքը` դեսպանը, իր ելույթում նշել է, որ այս նվիրատվության կարեւորությունը նրա արժեքը չէ եւ որ դա համեստ ներդրում է հիվանդ երեխաների բուժման գործում: Նա նշել է, որ դեղերը Հայաստանի համար անվճար տրամադրել է Cipla դեղագործական ընկերությունը, որը մտնում է Հնդկաստանի խոշորագույն դեղ արտադրողների եռյակի մեջ: Դեսպանի խոսքով, Cipla ընկերությունը միշտ օգնում է նրանց, ովքեր դեղերի կարիք ունեն աշխարհի տարբեր երկրներում,  ընկերության քաղաքականությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին. ոչ մի հիվանդ առանց դեղի չպիտի մնա: Սուրեշ Բաբուն հավելել է, որ ընկերությունը դեղամիջոցները Հայաստան է ուղարկել իր մի հեռախոսազանգից հետո: 

Երեւանի Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը Հնդկաստանի դեսպանին եւ Cipla դեղագործական ընկերությանը շնորհակալություն է հայտնել ոչ թե կոնկրետ նվիրատվության համար, այլ այն փիլիսոփայության, որ բերում են մեր կյանք: 

Նշենք, որ տալասեմիան ժառանգական բնույթի հիվանդությունների մի ամբողջ խումբ է: Դրանք բնութագրվում են նորմալ հեմոգլոբինի սինթեզի գործընթացի խանգարմամբ: Տալասեմիան կարելի է նաեւ սակավարյունության հազվագյուտ տեսակ համարել, որի դեպքում դիտարկվում է արատավոր հեմոգլոբինի առկայություն: Տալասեմիայի պատճառը գենետիկական խանգարումներից առաջացած ժառանգականությունն է: 

Բուժումը տալասեմիայից ամբողջական առողջացում չի բերում: Իսկ բուժական մեթոդիկայի էությունը սակավարյունության շտկումն է էրիտրոցիտային զանգվածի ներարկման միջոցով: Կիրառվում են նաեւ այնպիսի դեղամիջոցներ, որոնք օրգանիզմից հանում են երկաթի ավելցուկը: Հենց նման դեղամիջոցների թվին է դասվում Cipla Limited ընկերության  Kelfer (500 mg) (Deferiprone) դեղամիջոցը:

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է