Պնեւմոկոկի վարակի դեմ պատվաստումները փոքրիկներին կարվեն 1.5, 3 եւ 4.5 ամսեկան հասակում՝ հնգավալենտ պատվաստումների հետ: Այս մասին  NEWS.am Medicine-ին հայտնեց ՀՀ ԱՆ Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Պատվաստման իմաստն այն է, որ երեխան իմունիտետ ձեռք բերի մինչեւ 6 ամսականը եւ պաշտպանված լինի մենինգիտից ու թոքերի բորբոքումից»,-ասաց Սահակյանը:

Ծրագրի ղեկավարը նշեց, որ որոշ երկրներում այդ պատվաստումները սկսում են շատ ավելի վաղ, այլ երկրներում՝ ավելի ուշ , բայց սովորաբար 3 պատվաստումից առաջինն աշխատում են մինչեւ 4-ամսականն անել, որպեսզի հնարավորություն ունենան վերահսկելու վարակիչ հիվանդությունները, որոնք կարող են մենինգիտ, թոքերի բորբոքում եւ մի շարք այլ հիվանդություններ առաջացնել:

Գայանե Սահակյանի խոսքով՝ հնգավալենտ պատվաստումը  ընդգրկում է նաեւ հեմոֆիլուսային բաղադրիչ, որը եւս պատասխանատու է թոքաբորբի եւ մենինգիտի դեմ իմունիտետի ձեւավորման համար, բայց պնեւմոկոկի վարակի դեմ պատվաստման ներդրումը հնարավորություն կտա երեխաներին ավելի լավ պաշտպանել մի շարք հիվանդություններից:

Պնեւմոկոկի վարակի դեմ պատվաստումներն անվճար կլինեն, դրանք կներառվեն պատվաստման ազգային օրացույցի մեջ: Այս ծրագիրը կիրագործվի ԳԱՎԻ (GAVI) հիմնադրամի աջակցությամբ:

Հիշեցնենք՝ Հայաստանում պնեւմոկոկի վարակի դեմ պատվաստումը կներդրվի այս տարվա սեպտեմբերից: Սահուն եւ հաջող ներդրման նպատակով հունիս-սեպտեմբեր ամիսներին բոլոր պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում կիրականացվի պատվաստումային գործընթացի մոնիթորինգ, բուժաշխատողների համար անհրաժեշտ դասընթացներ կկազմակերպվեն: Մեծ ուշադրություն կդարձվի նաեւ բնակչության իրազեկմանը:

Հայաստանում կներդրվեն պնեւմոկոկային պատվաստումներ