Հղիության ժամանակ վիտամինները շատ կարեւոր են մոր եւ պտղի առողջության համար, բայց կարեւոր է իմանալ՝ երբ սկսել ընդունել դրանք, հատկապես ինչպիսի վիտամիններ կամ վիտամինների համադրություն է պետք օգտագործել եւ որ ընկերության արտադրանքն ընտրել: Թե ինչպես այս ամենից գլուխ հանել՝ հուշում է ամերիկուհի գրող Ջուլի Ռելեւանտը, ով կանանց հարցերով, երեխաների դաստիարակության եւ առողջ սննդի մասնագետ է, տեղեկացնում է Fox News-ը։
Եթե Դուք մտադիր եք երեխա ունենալ, պետք է սկսեք վիտամիններ ընդունել հղիանալուց առնվազն 3 ամիս առաջ: Հղիների համար նախատեսված հատուկ վիտամինները ֆոլաթթու են պարունակում, որը կանխում է նյարդային խողովակի արատները եւ նվազեցնում է աուտիզմի ռիսկը:
Երկաթը եւս անհրաժեշտ է երեխայի աճի եւ զարգացման համար, այն նաեւ կանխում է անեմիան հղի կնոջ մոտ:
Երեխայի ճիշտ զարգացման եւ ոսկորների ճիշտ աճի համար հղի կինը կալցիումի կարիք ունի:
Ընտրեք հղիների համար այնպիսի վիտամիններ, որոնք պարունակում են նվազագույնը 400 մգ մագնեզիում, որն անհրաժեշտ է երեխայի ոսկորների զարգացման համար, նաեւ թեթեւացնում է հղի կնոջ մկանային ցավերը:
Որպեսզի օրգանիզմը յուրացնի կալցիումը, անհրաժեշտ է, որ կինը վիտամին D ընդունի, որն օգնում է պահպանել զարկերակային նորմալ ճնշումը, եւ ինչպես ցույց են տվել վերջերս կատարված հետազոտությունները, անցավ ծննդաբերել:
Դոկոզահեքսաենային թթուն (ԴՀԹ) եւ էյկոզապենտաենային թթուն (ԷՊԹ) անհրաժեշտ են երեխայի ուղեղի նորմալ գործունեության եւ տեսողության զարգացման համար: Հղիների համար նախատեսված վիտամինները սովորաբար ԴՀԹ եւ ԷՊԹ չեն պարունակում, բայց Դուք կարող եք Ձեր բժշկին խնդրել դրանք նշանակել, կամ ԴՀԹ եւ ԷՊԹ պարունակող սննդային հավելումներ գնել: Օրական չափաբաժինը պետք է լինի առնվազն 250 մգ: B6 վիտամինն անհրաժեշտ է երեխայի ուղեղի եւ նյարդային համակարգի զարգացման համար, նաեւ հղի կնոջն էներգիա ու լավ տրամադրություն է պարգեւում: Հետեւեք, որպեսզի հավելումը գոնե 2 մգ B6 կամ նույնիսկ ավելի լավ է՝ վիտամին B կոմպլեքս պարունակի:
C վիտամինն անհրաժեշտ է ինչպես մոր, այնպես էլ՝ երեխայի իմունային համակարգի համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ խոլինն օգնում է զարգացնել երեխայի իմացական հմտությունները, իսկ ավելի ուշ՝ նաեւ ինտելեկտը: Ընդունեք օրական 30 մգ:






