Աուտիզմով հիվանդ երեխաների համար նախատեսված կենտրոնի նոր շենքը հնարավորություն կտա ավելի մեծ թվով երեխաների ընդգրկել աուտիզմի շտկման եւ աբիլիտացիայի ծրագրում: Այս մասին մարտի 31-ին լրագրողներին պատմեց «Աուտիզմ ազգային հիմնադրամի» տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:
Նրա խոսքով՝ աուտիզմով տառապող երեխաների կենտրոնը արդեն մոտ ութ տարի կրթաթերապեւտիկ ծառայություններ է մատուցում աուտիզմ ունեցող երեխաներին եւ փորձում է օգնել նրանց ինտեգրվել հասարակության մեջ: Երբ կենտրոնը նոր էր բացվել, այն ընդամենը 20 աշակերտ ուներ, սակայն այսօր աշակերտների թիվը քառապատկվել է եւ հասել է 85-ի:
«Օրեր են լինում երբ 4-5 նոր երեխաների դիմում ենք ստանում», - ասաց Լիլիթ Աթաջանյանը, ավելացնելով, որ հերթագրված երեխաների թիվը մեծանում է, եւ կենտրոնի նոր շենքի բացումը օրեցօր ավելի եւ ավելի արդիական է դառնում, քանի որ այժմյան կենտրոնում այդքան երեխաների հետ զբաղվելն անհնար է:
Վերոհիշյալ նոր շենքը թիվ 163 դպրոցի 6-րդ մասնաշենքն է՝ 900 քմ ընդհանուր մակերեսով, որը գտնվում է Գուրջյան 13 հասցեում: «Աուտիզմ ազգային հիմնադրամին» այն անհատույց օգտագործման համար տրամադրել է Երեւանի քաղաքապետարանը: Ինչպես նշեց Լիլիթ Աթաջանյանը, դպրոցի վերանորոգման եւ կահավորման ֆինանսավորումը հիմնականում իրականացրել է կրթության եւ գիտության նախարարությունը: Սակայն վերանորոգման աշխատանքներն ավարտի հասցնելու եւ շենքը շահագործման հանձնելու համար կենտրոնին անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական ներդրումներ:
Ինչպես նշեց Լիլիթ Աթաջանյանը, այս դպրոցը միակ նմանատիպ հաստատությունն է Հայաստանում եւ մատուցում է շաբաթական 40 ժամ հատուկ թերապիա՝ առաջատար միջազգային ստանդարտներին համապատասխանող մեթոդներով, որոնց մշակման գործում մեծ ներդրում է ունեցել «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» հիմնադիր, հոգեբանական գիտությունների դոկտոր Այրա Պաուլ Հեյլվեյլը:
«Երեխաների հետ տան պայմաններում աշխատելուց հետո ես հասկացա, որ պետք է մի կենտրոն, որտեղ աուտիզմ ունեցող երեխաները կարող են հաճախել, որպեսզի մեկուսացված չլինեն», - ասաց լրագրողներին Այրա Պաուլ Հեյլվեյլը:
Նա նաեւ նշեց, որ Հայաստանում աուտիզմ ունեցող երեխաների ճշգրիտ թիվը հայտնի չէ, բայց, իր կարծիքով, այդ թիվը չի տարբերվում այլ երկրներում աուտիզմի դեպքերի միջին թվից, քանի որ աուտիզմը կապված չէ էթնիկական պատկանելիության կամ բնակավայրի հետ:
«Ըստ ԱՄՆ-ի նորագույն վիճակագրության, 68 երեխաներից 1-ի մոտ կարելի է աուտիզմ ախտորոշել, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ենք մենք հասկանում աուտիզմ ասելով, քանի որ դա մեկ հիվանդություն չէ, այլ հիվանդությունների մեծ սպեկտր է», - ասաց Այրա Պաուլ Հեյլվեյլը:
«Աուտիզմը մարդկանց ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում, եւ թեպետ որոշ մարդիկ հասնում են զգալի հաջողությունների, ավարտում են համալսարաններ, նրանք միեւնույն է ունենում են հաղորդակցման խնդիրներ եւ ողջ կյանքի ընթացքում որոշակի ուղեկցության կարիք են ունենում», - իր հերթին ասաց աուտիզմ ունեցող երեխաներից մեկի մայրը:
Աուտիզմ ազգային հիմնադրամը հիմնվել է 2012 թվականի ապրիլի 2-ին՝ կառավարության կողմից եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի պատվավոր նախագահությամբ: Հիմնադրամի գլխավոր նպատակն է աուտիզմ ունեցող երեխաների բուժման, կրթության եւ զբաղվածության ապահովումը:






