Հեպատիտ B եւ  C-ն տարբեր վիրուսներ են, որոնց միավորում է միայն այն, որ երկուսն էլ արյունածին են, եւ որ երկուսն էլ ունեն հեպատոտրոպիզմ, այսինքն իրենց հիմնական թիրախը լյարդի բջիջներն են։ Այս մասին ապրիլի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Հայաստանի լյարդաբանական ասոցիացիայի նախագահ՝ Հասմիկ Ղազինյանը։

Հեպատիտ B-ն համարվում է անբուժելի, բայց կառավարելի հիվանդություն, որովհետեւ գոյություն ունի վակցինա այս հիվանդության դեմ, որը կիրառվում է 150 երկրում, նեռարյալ Հայաստանը։ Մեզ մոտ այդ պատվաստումը ընդգրկված է իմունիզացիայի ազգային օրացույցի մեջ։ «Պատվաստումը 90%-ով կանխարգելում է վարակը մինչեւ 17-18 տարեկանը», - ասաց նա։

Հեպատիտ C-ի դեմ այսօր պատվաստանյութ գոյություն չունի, բայց այն ի տարբերություն B տեսակի լիովին բուժելի հիվանդություն է։

Երկու վիրուսների փոխանցման միջոց է համարվում ցանկացած մանիպուլյացիա արյան հետ։ Այսօր վարակի տարածմանը նպաստում են զանազան կոսմետոլոգիական մանիպուլյացիաները, դաջվածքները եւ այլն։ Չի բացառվում երկու վիրուսի փոխանցումը սեռական ճանապարհով։ Հեպատիտ C-ի դեպքում սեռական ճանապարհով տարածումը կազմում է 3-10%, B-ի ՝ մինչեւ 50%:

Մասնագետը նշեց, որ «դեղնախտ» հասկացությունը այսօր բժշկական գործածությունից դուրս է եկել։ Դեղնախտը իր անվանումը ստացել է հիվանդի դեղնության պատճառով, բայց այդ ախտանիշը ոչ բոլոր վիրուսային հեպատիտներին է հատուկ, հիմնականում՝ հեպատիտ A-ին , որը կարող է փոխանցվել ինֆեկցված սննդի, ջրի եւ կղանքի միջոցով։ B, C, D տարբերակները փոխանցվում են արյան միջոցով։

Ինչ վերաբերում է ախտանիշներին, Հասմիկ Ղազինյանը նշեց, որ B եւ C հեպատիտները  չունեն արտահայտված ախտանիշներ եւ համարվում են պատահական գտածո։ «Այնուամենայնիվ, քրոնիկ ընթացքի դեպքում գոյություն ունեն որոշ ախտանիշներ՝ աստենովեգետատիվ սինդրոմ (թուլություն, հոգնածություն, գլխացավ, գկխապտույտ)։ Եվ եթե անամնեզում 10-20 տարվա ընթացքում արվել են արյան հետ կապված մանիպուլյացիաներ, ապա անհրաժեշտ է կատարել նպատակային ստուգում», - ասաց նա։