ՄԻԱՎ վարակը խոչընդոտ չի հանդիսանում հղիանալու եւ երեխա ունենալու համար, ասում է Հայաստանի Առողջապահության ՁԻԱՀ-ի կախարգելման Հանրապետական կենտրոնի բաժնի պետ Ժանետա Պետրոսյանը:
«Միայն պետք է հիշել, որ գոյություն ունի մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկ: Որոշակի կանխարգելիչ միջոցառումներ թույլ են տալիս նվազագույնի հասցնել վարակման ռիսկը, իսկ շնորհիվ հակառետրովիրուսային բուժման եւ ՄԻԱՎ-ով ապրող ծնողների առողջ ապրելակերպի, նրանք կարող են ունենալ լավ ինքնազգացողություն եւ լիարժեք հոգ տանել եւ դաստիարակել իրենց երեխաներին», - ասաց նա NEWS.am Medicine-ին։
Նրա խոսքով, առանց կանխարգելիչ միջոցառումների պահպանման ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկը մորից երեխային կազմում է 25-45%: «Բոլոր կանխարգելիչ միջոցառումների պահպանման դեպքում վիրուսի փոխանցման ռիսկը կարող իջնել 1-2 %-ով , այսինքն 98-99% դեպքերում ՄԻԱՎ-ով ապրող կինը, կարող է չվարակված երեխա ունենալ»,- շարունակեց Ժ. Պետրոսյանը: Վարակման ռիսկը նվազագույնի հասցնելու համար պետք է իրականացնել համալիր միջոցառումներ, որոնք ներառում են ՝ հղիության ընթացքում կանխարգելիչ հակառետրովիրուսային (ՀՌՎ) թերապիայի ընդունում, երեխայի ծնունդը 38 շաբաթականում կատարված կեսարյան հատման միջոցով, կծքով կերակրելուց հրաժարում, անմիջապես ծնունդից հետո երեխայի 4- շաբաթյա կանխարգելիչ բուժում ՀՌՎ դեղամիջոցներով (օշարակներ):
Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման արդյունավետ կանխարգելման համար շատ կարեւոր է հղի կնոջ մոտ վարակի վաղաժամ հայտնաբերումը: Այդ պատճառով ապագա մայրերին պետք է հղիության վաղ ժամկետներում ՄԻԱՎ-ի հետազոտություններ կատարել, ցանկալի է կանանց խորհրդատվության առաջին իսկ այցի ժամանակ:
Վարակված մորից հղիության ընթացքում, ծննդաբերության եւ կրծքով կերակրմանժամանակ ՄԻԱՎ-ը կարող է անցնել երեխային:
Հղիության ընթացքում վիրուսը կարող է անցնել պտղին պլացենտայի միջոցով, եթե վերջինս բորբոքված է կամ վնասված: Ծննդաբերության ժամանակ ՄԻԱՎ վարակումը տեղի է ունենում , երբ երեխան անցնում է ծննդաբերական ուղիներով՝ շփվելով արյան եւ հեշտոցային արտադրուկի հետ կամ կուլ է տալիս դրանք:Կրծքով կերակրման ժամանակ ՄԻԱվ վարակումը կարող է տեղի ունենալ կաթի միջոցով կամ պտուկի շուրջ արյունահոսող վերքերից արյան կուլ տալու միջոցով:
Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ- վարակի փոխանցման կանխարգելումը տրամադրվում է բոլոր ՄԻԱՎ դրական հղի կանանց: Ինչի շնորհիվ սկսած 2007 թվականից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում անցած ՄԻԱՎ դրական մայրերից ծնված երեխաների շրջանում չի գրանցվել ՄԻԱՎ վարակի ոչ մի դեպք :
Սկսած 1988թ. ամեն տարի դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Համաշխարհային օրը: Այն անցկացվում է լայն հասարակական շրջանակների ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների վրա սևեռելու նպատակով:
2011-2015թթ-ին UNAIDS-ի կողմից հռչակված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Համաշխարհային օրվա նշանաբանն է . Ձգտումը զրոյի-ՄԻԱՎ-վարակի զրո նոր դեպքեր, զրո մահվան դեպքեր ՁԻԱՀ-ի հետ կապված:
ՄԻԱՎ-ինֆեկցիայի նոր դեպքերի կանխարգելման խնդիրներից մեկը հանդիսանում է մորից երեխային ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման վերացումը:
Հայաստանի հանրապետությունում Իմունաանբավարարության վիրուսով վարակվելու դեպքերի գրանցումը սկսվել է 1988թ-ից: 1988թ.-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1563 դեպք, որոնցից 228-ը՝ 2012 թվականի ընթացքում, ինչը գերազանցում է ՄԻԱՎ-վարակի գրանցված դեպքերը յուրաքանչյուր նախորդող տարում:






