2013 թվականին ՄԻԱՎ վարակի նոր ախտորոշումների մոտ 44 տոկոսը ուշացած է կատարվել, ինչի հետեւանքով հիվանդները չեն կարողացել ժամանակին բուժում ստանալ։ Այս մասին լրագրողներին պատմեց ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման եւ հետազոտության խմբի համակարգող Հովհաննես Մադոյանը։
Նա նաեւ նշեց, որ 2013 թվականին ախտորոշում ստացած 239 մարդկանցից 18-ը, այսինքն, մոտ 7-8 տոկոսը, ախտորոշում ստանալու պահից հետո 3 ամիս էլ չեն ապրել, թեկուզ եւ նրանց տրամադրվել է անհրաժեշտ բուժումը։ Պատճառը նույնն է՝ ուշ ախտորոշում, որից հետո արդյունավետ բուժումն արդեն գրեթե անհնար է։
«Այսինքն, մարդիկ ախտորոշում են ստացել արդեն այն փուլում, երբ նրանց իմունային համակարգն արդեն թուլացած էր եւ նրանք արդեն իսկ ունեին բուժման կարիք», - ասաց նա։
Ըստ Հովհաննես Մադոյանի՝ ՄԻԱՎ վարակակիրներից շատերը իմանում են իրենց հիվանդության մասին հանկարծակի, երբ դիմում են բուժհաստատություններ՝ տուբերկուլոզի, չարորակ ուռուցքների կամ այլ ծանր հիվանդությունների պատճառով։ Այդքան ուշ բուժում սկսելը արդեն գրեթե անօգուտ է, եւ բուժման արդյունավետության կանխատեսումները բավական ցածր են։
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման և հետազոտության խմբի համակարգողը նաեւ ասաց լրագրողներին, որ եթե ՄԻԱՎ վարակն ախտորոշվի ժամանակին, հիվանդը կկարողանա ժամանակին սկսել բուժումը եւ հնարավորություն կստանա ունենալու որակյալ, երկարատեւ կյանք։
«ՁԻԱՀ-ից մահերը պետք է դիտարկել որպես անհեթեթություն, քանի որ անհեթեթ է, երբ մարդիկ մահանում են մի հիվանդությունից, որի ախտորոշումը եւ բուժումը այսօր աշխարհում այն մակարդակին է, որ մարդը կարող է ապրել այնքան, ինչքան կապրեր առանց ՄԻԱՎ վարակի», - ասաց Հովհաննես Մադոյանը։
Ինչու՞ մարդիկ ժամանակին չեն հետազոտվում։ Ըստ Մադոյանի՝ պատճառները մի քանիսն են։
Առաջին պատճառը վախն է՝ մարդիկ վախենում են հետազոտվել եւ վախենում են իմանալ իրենց ՄԻԱՎ-կարգավիճակի մասին։
Տարիներ առաջ կար նաեւ տեղեկատվության պակասի խնդիրը, բայց այսօր, Մադոյանի կարծիքով, Հայաստանում տեղեկատվության մակարդակը բարձրացել է։
Իր հերթին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը ավելացրեց, որ շատերը ժամանակին չեն հետազոտվում, քանի որ չեն կարողանում ճիշտ գնահատել ռիսկային վարքագիծը եւ չեն պատկերացնում, որ իրենց կատարած այս կամ այն գործողությունը վտանգավոր էր եւ կարող էր ՄԻԱՎ-ով վարակվելու պատճառ հանդիսանալ։






