Վտանգավոր հիվանդություններ առաջացնող մանրէները չվերթներով տեղափոխվում են եւ մի քանի օր շատ լավ հարմարվում են ինքնաթիռի սրահում։ Այս տվյալները տրամադրել են ԱՄՆ-ի Օբուրնի համալսարանի բժիշկները Ամերիկյան միկրոկենսաբանների ընկերության ամենամյա համաժողովի ժամանակ։
Իր աշխատանքում հետազոտության գլխավոր հեղինակ Կիրիլ Վագլենովը եւ գործընկերները պարզել են, թե արդյոք ինքնաթիռի սրահում հաստատվում են մետիցիլինակայուն ոսկեգույն ստաֆիլակոկը (Staphylococcus aureus), որը կարող է առաջացնել այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են սեփսիսը եւ թոքերի բորբոքումը, եւ աղիքային ցուպիկի մի քանի շտամներ (Escherichia coli)։
Միկրոկենսաբանները ուսումնասիրել են, կարող են արդյոք այդ մանրէները գոյատեւել նստատեղի, ապակիների շերտավարագույրների, սեղանների, բազկաթոռների գրպանների վրա։
Ինչպես պարզվել է, ոսկեգույն ստաֆիլակոկը մնում է ինքնաթիռի սրահի բազկաթոռների գրպաններում գրեթե յոթ օր, իսկ աղիքային ցուպիկը ամենից երկար՝ մոտ չորս օր, հաստատվում է նստատեղի բարձիկների վրա։
Կիրիլ Վագլենովի խոսքերով, հետագայում նրանք պլանավորել են մշակել նոր եւ ազդեցիկ մեթոդներ՝ ինքնաթիռի սրահները ախտահանելու համար։ «Նաեւ մենք պլանավորել ենք զննել տարբեր մակերեւույթներ՝ պարզելու համար, թե դրանցից որն է ավելի հակամանրէական հատկություններով լի, ինչը կարող է նվազեցնել ինքնթիռի սրահում առկա մանրէների թիվը»,-ասել է միկրոկենսաբանը։
Այժմ գիտնականների խոսքով նրանք հետազոտություն են կատարում՝ ինքնաթիռի սրահներում այլ պաթոգենների, այդ թվում՝ տուբերկուլոզի հարուցիչների գոյատեւման ունակությունը պարզելու համար։






