«Էրեբունի»  բժշկական կենտրոնի «քիթ-կոկորդ-ականջաբանության» բաժանմունքում տեղի է ունեցել հանդիպում լսողական խնդիրներ ունեցող երեխաների (որոնց իրականացվել է կոխլեար (խխունջային) իմպլանտացիա) եւ նրանց ծնողների հանդիպումը ոլորտում աշխատող մասնագետների հետ։  Հայաստանում «Լենհարդ» հիմնադրամի կողմից նախաձեռնած նման դասընթացները պարբերական բնույթ ունեն եւ կոչված են տրամադրելու մասնագիտական խորհրդատվություն: Ծնողների հարցերին պատասխանում են ինչպես տեղի, այնպես էլ դասընթացին ուղիղ կապով միացած եվրոպացի մասնագետները։ Այս անգամ ծնողները հանդիպել են հիմնադրամի ղեկավար՝ Մոնիկա Լենհարդի հետ։

Վերջին կես տարվա ընթացքում Լենհարդ Ակադեմիան «Խոսքի պրոցեսորներ Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում տասը երեխաների նվիրել է նոր սերնդի Freedom սարքեր, որոնք ապահովում են ավելի մաքուր և հստակ ձայն։ Նշենք, իմպլանտի արտաքին մասը՝ պրոցեսորը, վիրահատված անձը մշտապես կրում է իր հետ։ Ընթացիկ հանդիպման ժամանակ ծնողներին ներկայացվել են այս նոր պրոցեսորի առանձնահատկություններն ու նրա հետ աշխատելու «նրբությունները»:

«Լենհարդ» հիմնադրամի հայսատանյան գործունեության համակարգող Լիլիթ Աբրահամյանը NEWS.am.Medicine-ի թղթակցին պատմեց, որ եթե ներքին իմպլանտները տեղադրվում են մեկ անգամ եւ ընդմիշտ, ապա արտաքին պրոցեսորը (ինչի միջոցով կարելի է կարգավորել իմպլանտը) մշտապես զարգանում եւ վերամշակվում  է։ Գերմանիայում պետությունը պարբերաբար փոխում է իմպլանտներ ունեցող հիվանդների այս պրոցեսորները։ «Լենհարդ» հիմնադրամը ձեռք է բերում արդեն օգտագործված պրոցեսորները եւ տրամադրում դրանք Հայաստանի եւ այլ երկրների երեխաներին։

Պրոցեսորները կարելի է օգտագործել հինգ տարի։ Դրանք հիմնականում աշխատում են միանգամյա մարտկոցներով, որոնց համար ամեն ամիս ծնողները վճարում են 30 եվրո։ Այս անգամ երեխաները հիմնադրամի կողմից արտաքին պրոցեսորի համար նախատեսված մեկամսյա օգտագործման մարտկոցներ նվեր ստացան։ Սակայն հիմնադրամը փորձում է փոխարինել դրանք ավելի երկար՝ երեք տարի ժամկետ ունեցող մարտկոցներով։