Ամռանը մեր աչքերին մի շարք վտանգներ են սպառնում՝ արեւի վառ լույսի եւ օդի բարձր ջերմաստիճանի պատճառով։ Որոշակի վտանգներ կան նաեւ լողավազաններում՝ թե բացօթյա, թե փակ։ Այդ վտանգների մասին լրագրողներին պատմեց ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը։
Բաց երկնքի տակ
Բացօթյա լողավազաններում, որտեղ ջուրը չի ախտահանվում, կարելի է մի շարք աչքի հիվանդություններ ձեռք բերել, որոնց թվում է, օրինակ, բակտերիալ կոնյուկտիվիտը, որն առաջանում է պիոգենային բակտերիաների պատճառով։
Այս հիվանդության հիմնական ախտանիշներն են աչքերի կարմրությունը, դեղնավուն արտադրությունն ու քորը։ Որոշ մարդկանց մոտ հիվանդությունն արտահայտվում է աչքի մեջ օտար մարմնի զգացողությամբ։ Այս բոլոր ախտանիշների ի հայտ գալու դեպքում արժե բժիշկի դիմել՝ պարզելու համար, թե որն է դրանց առաջացման պատճառը՝ բակտերիալ կոնյուկտիվիտը, այլ տեսակի կոնյուկտիվիտը, թե՞ ինչ-որ այլ բան։
Ի դեպ, նմանատիպ ախտանիշներ ունի նաեւ ալերգիկ կոնյուկտիվիտը, որը նույնպես շատ հաճախ է հանդիպում ամռանը եւ գարնանը։ Ալերգիկ կոնյուկտիվիտի ժամանակ բացի աչքերի կարմրությունից եւ քորից կա նաեւ որտադրություն՝ արցունքների կամ աչքի մակերեսից հեշտությամբ անջատվող լորձանման թելիկների տեսքով։
Կտուրի տակ
Ինչ վերաբերվում է փակ լողավազաններին, այնտեղ, Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի խոսքով, նույնպես հնարավոր է ինֆեկցիաներ ձեռք բերել, թեկուզ եւ դրա հավանականությունը ավելի ցածր է, չէ՞ որ ջուրը նման լողավազաններում սովորաբար ախտահանվում է քլորի կամ այլ նյութերի օգնությամբ։
Մյուս կողմից, եթե քլորը ջրում շատ է լինում, այն նույնպես կարող է կոնյուկտիվիտների եւ ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ, մանավանդ այդ նյութերի հանդեպ զգայուն մարդկանց մոտ։ Բացի այդ, քլորը գրգռում է բոլոր լորձաթաղանթները, ինչը նույնպես կարող է վնասել աչքերը։
Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս լողավազան գնալիս անպայման պաշտպանիչ ակնոցներ կրել՝ վերը նշված եւ մի շարք այլ խնդիրներից խուսափելու համար։






