«Օրալ հակաբեղմնավորիչներն, անկասկած, վնաս են հասցնում կնոջ օրգանիզմին, չնայած վերջին սերնդի դեղորայքի բարձր որակին եւ նրանցում հորմոնների ցածր պարունակությանը: Մինչդեռ աբորտի հասցրած վնասն ավելի զգալի է: Կշեռքի նժարներին պետք է դնել առողջությունը եւ դրանից ելնելով ընտրել չարյաց փոքրագույնը»,- կարծում է թիվ N 3 հիվանդանոցի գինեկոլոգ, Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Նելլի Աբգարյանը:
«Շուտով մենք վերջապես կկարողանանք ազատվել հորմոնպարունակող հակաբեղմնավորիչներից»,- ուրախությամբ հայտնեց նա NEWS.am Medicine-ին: Ներկայումս մշակվում են ոչ հորմոնալ ծագման դեղամիջոցներ, որոնք իրենցից ներկայացնում են հակամարմիններ ձվարանների հորմոնների ՝ հղիության հորմոնի խորիոնալ գոնադոտրոպինի հանդեպ, ինչպես նաեւ հակամարմիններ, որոնք անշարժացնում են սպերմատոզոիդները: վերջիններս կարող են օգտագործվել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց կողմից:
Ընդհանրապես օրալ հակաբեղմնավորիչներից յուրաքանչյուրի համար գոյություն ունեն բացարձակ եւ հարաբերական հակացուցումներ: Նրանք հակացուցված են այն կանանց, ովքեր տառապում են վարիկոզ հիվանդությամբ, թրոմբոֆլեբիտով, հիպերտոնիայով (զարկերակային գերճնշում), սրտի իշեմիկ հիվանդությամբ, ուղեղի անոթների հինդություններով, լյարդի եւ երիկամների ծանր հիվանդություններով, հիպերպրոլակտինեմիայով (երբ օրգանիզմում արտադրվում է նորմայից բարձր քանակությամբ պրոլակտին հորմոն),նոպայաձեւ գլխացավերով, սեռական ուղիներից անհայտ ծագման արյունահոսություններով, չարորակ նորագոյացություններով եւ այլն: Օրալ հակաբեղմնավորիչները հակացուցված են նաեւ այն կանանց, ովքեր ունեն գենետիկ նախատրամադրվածություն կրծքագեղձի քաղցկեղի հանդեպ:
«Բայց նույնիսկ այս բոլոր հիվանդությունների բացակայության դեպքում, միեւնույն է, օրալ հակաբեղմնավորիչները պետք է ընդունել միայն գինեկոլոգի նշանակումից հետո: Արհամարհել սա եւ հորմոնալ ծագման հակաբեղմնավորիչներ ընդունել ձեր կամ դեղատան աշխատողի հայեցողությամբ կտրականապես չի կարելի»,- նախազգուշացնում է Նելլի Աբգարյանը:
Գինեկոլոգի խոսքով, արդյունավետության տեսանկյունից, ճիշտ կիրառման դեպքում օրալ հակաբեղմնավորիչները զբաղեցնում են առաջին տեղը վիրահատական ստերիլիզացումից հետո: Մինչդեռ Հայաստանում ամենատարածված հակաբեղմնավորիչներն են պահպանակաները եւ ներարգանդային պարույրը: Հորմոնալ հաբերը զբաղեցնում են միայն երրորդ տեղը, որոնցից հետո նոր գալիս է վիրահատական ստերիլիզացումը:
Խոսելով օրալ հաբերի մասին, բժիշկն ընդգծեց, որ ավելի հաճախ օգտագործվում են համակցված դեղահաբեր, որոնք կազմված են երկու հորմոնալ բաղադրիչից՝ էստրոգեն եւ պրոգեստերոն: Այս հաբերի հակացուցումների պատճառը հենց էատրոգենի առկայությունն է։
Միաբաղադրիչ հորմոնալ հակաբեղմնավորիչները (մինի-պիլի), որոնք պարունակում են միայն պրոգեստերոն (ձվարաններում արտադրվող պրոգեստերոնի սինթետիկ փոխարինիչ), հիմնականում նշանակվում են կերակրող մայրերին, 35-ից բարձ տարիքի եւ այն կանանց, ովքեր հակացուցումներ ունեն համակցված օրալ հակաբեղմնավորիչների հանդեպ:
Ի տարբերություն համակցված օրալ հակաբեղմնավորիչների, որոնք ընդունվում են 21 օրվա ընթացքում, միաբաղադրիչները պետք է մշտապես ընդունել: Երկուսն էլ նախատեսված են կանոնավոր սեռական կյանքով ապրող կանանց համար:
Այս դեղերը կիրառվում են ոչ միայն որպես հակաբեղմնավորիչ, այլ նաեւ բուժման նպատակներով: Դրանք ցուցված են որոշ գինեկոլոգիական հիվանդությունների՝ դաշտանային ցիկլի խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի, էնդոմետրիոզի, արգանդի հիպերպլաստիկ պրոցեսների (պոլիպ, միոմա եւ այլն), մազակալման դեպքում։ Բացի այն, որ հակաբեղմնավորիչները պետք է լինեն անվնաս եւ հուսալի, նրանց ազդեցությունը պետք է լինի դարձելի, չազդելով կնոջ հետագա վերարտադրողական ֆունկցիայի վրա։
«Մինչդեռ կնոջ համար ամենաիդեալական տարբերակը՝ հղիանալն է, ծննդաբերելը կրծքով կերակրելը եւ այսպես շարունակ, քանի որ հենց դրանում է կնոջ ֆիզիոլոգիական առաքելությունը, - պնդում է Նելլի Աբգարյանը եւ ավելացնում, - Քանի որ շատ հաճախ այս առաքելությունը այսօր չի կատարվում, մեր շուրջն այդքան շատ են տարբեր գինեկոլոգիական խնդիրեներով կանայք»։
Յանա Ավչիյան






