Հայաստանում իշեմիկ ինսուլտների բուժման նոր դեղամիջոց է ներդրվելու: Կանադացի նյարդաբան Միքայել Սկոնը պատմեց լրագրողներին, որ այս դեղամիջոցը՝ tPA-ը (tissue plasminogen activator), թրոմբոլիտիկ է եւ հալացնում է իշեմիկ ինսուլտն առաջացնող թրոմբները:
Նրա խոսքով՝ այս դեղամիջոցը կարող է կանխարգելել նոր զարգացող գլխուղեղի կաթվածը՝ ինսուլտը եւ պաշտպանել գլխուղեղը՝ լուրջ վնասվածքներից, իսկ պացիենտին՝ հաշմանդամությունից: Սակայն, որպեսզի դեղամիջոցը ազդեցություն ունենա, պետք է շատ արագ ախտորոշել ինսուլտը եւ հնարավորինս շուտ ներարկել դեղամիջոցի առաջին չափաբաժինը: Դեղը ոչ ուշ, քան 90 րոպեների ընթացքում ստացող երեք պացիենտներից մեկը իր ոտքով տուն կվերադառնա՝ պառալիզացվելու եւ հաշմանդամ դառնալու փոխարեն, նշեց Միքայել Սկոնը:
Եթե բժիշկները հասցնեն տալ դեղը առաջին 3 ժամվա ընթացքում, 6-7 հիվանդներից մեկը իր ոտքով կկարողանա տուն վերադառնալ: Ամենաուշը 4.5 ժամվա ընթացքում է կարելի ներարկել այս դեղը՝ այդ դեպքում 14 հիվանդներից մեկը քայլելով տուն կգնա, ասաց Միքայել Սկոնը:
Շատ կարեւոր է, որ մարդիկ կարողանան ժամանակին ճանաչել գլխուղեղի կաթվածը եւ բժշկի դիմել՝ դա հնարավորություն կտա արդյունավետորեն բուժել այն կամ կանխարգելել հետագա բարդությունների զարգացումը:
Ինչպես նշեց նյարդաբանը, ինսուլտի առաջին նախանշաններն են խոսելու հետ կապված դժվարությունները, ձեռքը, ոտքը կամ երեսը շարժելու հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ թուլությունը՝ մարմնի աջ կամ ձախ կողմում: Այս նշանների ի հայտ գալու պահին պետք է անմիջապես շտապօգնություն կանչել:
Միքայել Սկոնը նաեւ նշեց, որ այդ դեղամիջոցը ոչ բոլոր դեպքերում է կարելի կիրառել, քանի որ մի շարք լուրջ հակացուցումներ կան: Նրա կարծիքով, հայ բժիշկները լավ են պատրաստված եւ կարող են ճիշտ որոշում կայացնել, կարելի է տվյալ պացիենտին ներարկել այս դեղամիջոցը, թե ոչ:
Ի դեպ, այս դեղամիջոցը բավական թանկ է՝ ԱՄՆ-ում եւ Կանադայում այն այսօր արժե մոտ $3000, իսկ Հայաստանում, Միքայել Սկոնի խոսքով, այն արժենալու է մոտ $2000: Նյարդաբանը կարծում է, որ դեղն այնքան էլ թանկ չի թվա, եթե հաշվի առնել, որ այն կարող է ոտքի կանգնեցնել մի մարդու, ով կարող էր ինսուլտի պատճառով ողջ կյանքում հաշմանդամ մնալ եւ ի վիճակի չլինել աշխատել: Նա նաեւ հույս հայտնեց, որ ապագայում այս դեղամիջոցի ծախսերն իր վրա կվերցնի պետությունը, իսկ հիվանդների համար այն անվճար կլինի:






