Հունիսի 14-ին Ծաղկաձորում մեկնարկել է հայ գինեկոլոգների խոշոր գիտաժողով: Ինչպես լրագրողներին հայտնեց «Մալաթիա» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Իննա Պերսոյանը, գիտաժողովին մասնակցում է հարյուրից ավելի բժիշկ՝ ինչպես Երեւանի կլինիկաներից, այնպես էլ մարզերից:
«Զեկույցներից բացի քննարկելու ենք ոլորտում առկա հարցերն ու խնդիրները եւ այլ ծննդատներից ժամանած մեր կոլեգաների հետ փորձով ենք փոխանակվելու», - ասաց նա:
Բացի գինեկոլոգներից գիտաժողովին մասնակցում են նաեւ ընտանեկան բժիշկները. նրանց համար սեմինարի զեկույցների թեմաները նույնպես շատ կարեւոր են, քանի որ նրանք էլ հղիություն վարելու իրավունք ունեն, եւ գինեկոլոգների հետ փորձի փոխանակումը նրանց համար կարող է շատ օգտակար լինել:
Արարատ քաղաքի կլինիկայից ժամանած մանկաբարձ-գինեկոլոգ Ադա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ նման գիտաժողովները շատ կարեւոր են մարզերի բժիշկների համար, քանի որ ոլորտի բոլոր նորությունները առաջին հերթին ստանում են մայրաքաղաքում, իսկ գիտաժողովներին մասնակցող բժիշկների միջոցով դրանք կարելի է տարածել նաեւ մարզերում՝ խորացնելով այնտեղի բժիշկների գիտելիքները:
Գիտաժողովը երկու օր է տեւելու: Առաջին օրը նվիրված է մանկաբարձությանը. քննարկվելու են հղիության հետ կապված հարցերն ու խնդիրները, որոնց թվում են, ինչպես նշեց Իննա Պերսոյանը, հիպերտենզիան, թութքը, վարիկոզ հիվանդությունը եւ մի շարք այլ խնդիրները հղիության ժամանակ:
Սեմինարի երկրորդ օրը նվիրված է լինելու կանանց դաշտանադադարին եւ այդ շրջանում առաջացող հիվանդությունների կանխարգելմանը:






