Վաշինգթոնի համալսարանի գիտահետազոտական խումբը հատուկ տվիչ է մշակել, որը ներաչքային ճնշման վերահսկիչ գործառույթ է իրականացնում: Աչքի մեջ պատվաստման դեպքում այն կարող է իրական ժամանակով տեղեկություն հաղորդել այն մասին, թե արդյոք մարդու տեսողությունը վտանգված է:
Micromechanics and Microengineering ամսագրում հրապարակված հետազոտությունը գլաուկոմայի` տեսողական նյարդը վնասող եւ կուրության վտանգ ներկայացնող ժառանգական հիվանդության առաջացումը վերահսկելու նորարարական մեթոդ է առաջարկում: Ցավոք սրտի, ներկայումս գլաուկոմայի հայտնաբերման ընդամենը երկու ավանդական մեթոդ է կիրառվում, որոնք բժշկի մոտ այցելություն են ենթադրում, ինչն ինքնին նվազեցնում է վաղ եւ արդյունավետ բուժման հավանականությունը, տեղեկացնում է Medical Daily-ն։
«Սարքը պետք է պարզ եւ վստահելի լինի` օգտագործման համար», - հայտարարել է ուսումնական հաստատության ակնաբուժական բաժնի պրոֆեսոր Թենգ Շենը: Նա իր գործընկերների հետ միասին պարզել է, որ խնդրի լուծումը միայն աննշան փոքր տվիչի մեջ կարող է լինել. բժիշկները հաջողացրել են կատարախտի վիրահատության ժամանակ հիվադներից մեկի աչքի մեջ տեղադրել այն:
Աչքի ճնշումը, արյան ճնշման եւ սրտի աշխատանքի հաճախականության նմանությամբ, անընդհատ փոխվում է: Գլաուկոմայի առաջացման հավանականությունը պարզելու համար ներաչքային ճնշման երկարատեւ ու նպատակաուղղված դիտարկում է հարկավոր:
Աչքի մեջ պատվաստված տվիչը տվյալների անլար փոխանցում է ապահովում` ռադիոհաճախականությունների միջոցով: Սարքի պարագծի երկայնքով փոքրիկ ալեհավաք է տեղադրված, որն ի վիճակի է տվիչի շուրջ գրանցվող տատանումները որսալ եւ ընդունիչ սարքին փոխանցել, որն էլ հաճախականությունների եւ տատանումների տարբերություններն է ֆիքսում: Հետազոտության մասնակիցներից մեկը` էլեկտրատեխնիկայի առաջնակարգ մասնագետ Կառլ Վոհրինգերը նշել է, որ տվյալները կարող են նաեւ հիվանդի սմարթֆոնին ուղարկվել:
Գիտահետազոտական խումբն առայժմ տվիչի` միայն կատարախտի վիրահատության ժամանակ պատվաստման ենթակա մոդել է մշակել: Այսինքն` այն բավանակաչափ փոքր չէ` առողջ մարդու աչքի մեջ տեղակայելու համար:
Գիտնականները ներկայումս ավելի փոքր չափեր ունեցող տվիչի ստեղծման ուղղությամբ են աշխատում: Հարկավոր կլինի նաեւ շատերի համար հասանելի գնագոյացում ապահովել:






