Մի քանի օր առաջ թվարկել էինք այն դեպքերը, երբ ծնդդաբերության խթանումը հակացուցված չէ: Այսօր գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է այն մասին, թե ծննդաբերության խթանման ինչ մեթոդներ գոյություն ունեն:
Պարզվում է` ծնդդաբերության խթանումը կարող է դեղորայքային եւ ոչ դեղորայքային լինել:
Խթանման դեղորայքային մեթոդները
Ծննդաբերության դեղորայքային խթանման պարագայում սովորաբար օքսիտոցինի կամ պրոստագլանդինների բաղադրությամբ հատուկ դեղամիջոցներ են կիրառվում: Դեղամիջոցի ընտրությունը տվյալ կլինիկայում կամ երկրում հաստատված կանոնակարգով է որոշվում:
Երբեմն, ծննդաբերության խթանման նպատակով, բժիշկները պտղապարկը արհեստական ճանապարհով բացելու եւ արդյունքում կծկումներն ուժեղացնելու մասին որոշում են կայացնում: Սակայն ծննդաբերության գործընթացի ցանկացած միջամտություն մի շարք վտանգներով է հղի: Մասնավորապես, պտղաջրերի հեռացումից մինչեւ երեխայի ծնունդն ընկած ժամանակահատվածը սահմանափակումներ ունի` ցանկալի է, որ պտղապարկից բացմանը հաջորդ 9-12 ժամերի ընթացքում փոքրիկը լույս աշխարհ գա: Ուստի բժիշկը կամ մանկաբարձը պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ են անում եւ ինչու: Ասել է թե` ծննդաբերության դեղորայքային խթանումը կամ պտղապարկի բացումը միայն բժշկական կանոնակարգերով նախանշված ցուցումների շրջանակում է թույլատրվում:
Խթանման ոչ դեղորայքային մեթոդները
Ծննդաբերության խթանման ոչ դեղորայքային մեթոդների շրջանակում բժիշկները նախ եւ առաջ թեթեւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն են առաջարկում:
«Ուշացող ծննդաբերության դեպքում զբոսանք եւ ֆիզիկական ակտիվություն ապահովող այլ միջոցներ են առաջարկվում… Եթե երեխան ճիշտ դիրքում է, ապա արգանդի վզիկը, փոքրիկի գլխի ճնշմանը չիդիմանալով, աստիճանաբար բացվում է», - մեկնաբանել է Ռուսուդան Վարդանյանը:
Սեռական հարաբերությունները եւս ծննդաբերության խթանման բնական մեթոդ են համարվում: Որովհետեւ, նախ եւ առաջ, տղամարդու սերմնահեղուկը ծննդաբերության մեկնարկին նպաստող պրոստագլանդիններ է պարունակում: Նշանակալի է նաեւ կնոջ օրգազմի ազդեցությունը. այն արգանդի կծկումներ է խթանում:
Գինեկոլոգը նշել է, որ ծննդաբերության ոչ դեղորայքային խթանման այլ միջոցներ եւս կան, ինչպես, օրինակ, ասեղնաբուժությունն ու արոմաթերապիան են, սակայն դրանք Հայաստանում դեռեւս լայն տարածում չեն գտել:






