Հազվադեպ աուտոիմունային հիվանդությամբ` իմունային համակարգի` սխալմամբ մազերի ֆոլիկուլիների վրա հարձակմամբ պայմանավորված համատարած ալոպեցիայով տառապող մի 25-ամյա տղամարդ արթրիտի դեմ կիրառվող դեղամիջոցի օգնությամբ վերականգնել է մազածածկույթը, տեղեկացնում է FoxNews-ը:
Յեյլի Համալսարանի բժիշկները փորձել են մեկ այլ աուտոիմունային հիվանդության` ռեւմատոիդ արթրիտի դեմ կիրառվող դեղամիջոցի` տոֆացիտինիբի ցիտրատի օգնությամբ ինքնատիպ բուժում նշանակել մասնավորապես գլխի, հոնքերի եւ աճուկի մազածածկույթը կորցրած տղամարդուն, քանի որ այն նախապես, լաբորատոր պայմաններում, փորձարկվել էր համեմատաբար մեղմ ալոպեցիայի ենթարկված առնետների վրա եւ դրական արդյունքներ գրանցել:
Հիվանդի մոտ նաեւ պսորիազ էր ախտորոշվել, ինչի արդյունքում մաշկի վրա կարմիր թեփուկավոր հագույցներ են առաջանում: Նախքան բուժումը տղամարդու գլխին նվազագույն քանակով մազ կար, այն էլ`միայն վերը նշված հանգույցների վրա: Մազածածկույթի կորուստը յոթ տարի առաջ էր տեղի ունեցել:
Ութ ամիս տեւողությամբ բուժման արդյունքում տոֆացիտինիբը, առանց որեւէ կողմնակի ազդեցություն պատճառելու, վերականգնել է հիվանդի ողջ մազածածկույթը: Բժիշկների համոզմամբ, այն կանխարգելում է իմունային համակարգի «գրոհը»` մազի ֆոլիկուլների ուղղությամբ:







