Հայաստանը մանկական մահացության ամենացածր ցուցանիշներ ունեցող ԱՊՀ երկրների շարքում չորրորդն է: Այս մասին հունիսի 24-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանի Առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրների ցանկում առաջին հորիզոնականներն են զբաղեցնում Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան՝ հենց այդ երկրներում մանկական մահացության ցուցանիշները ամենացածրն են: Ի դեպ, ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը մոտ 11.2 պրոմիլլե է (1000 կենդանի ծնունդների հաշվարկով), իսկ Եվրոպայինը՝ ընդամենը 6.9:
Ինչ վերաբերում է Հայաստանի տվյալներին, 90-ական թվականներին մանկական մահացության ցուցանիշը երկրում եղել է 18.6 պրոմիլլե, իսկ նախորդ տարվա ցուցանիշը՝ 9.8 պրոմիլլե: Այսինքն, ԱՊՀ երկրների միջին ցուցանիշից մեր ցուցանիշը ավելի ցածր է, բայց Եվրոպական երկրների ցուցանիշին դեռ չենք հասել:
Կարինե Սարիբեկյանը նշեց նաեւ, որ աշխարհում տարեկան մահանում է մոտ ութ միլիոն երեխա, որոնց երկու երրորդը մահանում է մինչեւ մեկ տարեկանը: Մինչեւ մեկ տարեկան մահացած երեխաների երկու երրորդը մահանում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, իսկ նրանց երկու երրորդը՝ կյանքի առաջին շաբաթվա ընթացքում:
Ի դեպ, հազարամյակի նպատակներից մեկն է նաեւ մինչեւ հինգ տարեկան երեխաների մահացության ցուցանիշների կրճատումը մինչեւ 10 պրոմիլլե, իսկ մինչեւ 1 տարեկան երեխաներինը՝ մինչեւ 8 պրոմիլլե: Հայաստանին կարծես թե բավական քիչ է մնացել՝ այդ ցուցանիշներին հասնելու համար:






