Da Vinci կլինիկայի դիետոլոգ Հասմիկ Աբովյանի հետ սննդակարգի ճշգրտմանը միտված ակտիվ աշխատանքից հետո` 40 օր անց առաջին սահմանը հատված կարելի է համարել. այլեւս 70 կգ-ից ցածր եմ կշռում: Եթե ընթերցողներս հիշում են, ի սկզբանե հենց այս կարճաժամկետ նպատակն էի հետապնդում:
Հիշեցնեմ, որ 78.3կգ նշագծից եմ սկսել: 20 օր անց 72.8կգ էի կշռում, իսկ հիմա արդեն` 68.9կգ: Ստացվում է` 40 օրվա ընթացքում 9.4կգ քաշ եմ գցել: Բայց շարունակում ենք առաջ շարժվել, որովհետեւ նոր` միանգամայն ռեալ եւ հասանելի նպատակ եմ իմ առաջ դնում` հասնել 65կգ-ի սահմանին:
Պետք է ասել, որ արդեն իսկ լուրջ խնդրի առաջ եմ կանգնել: Բոլորովին վերջերս գնված հագուստների մեծ մասն այլեւս չեմ կարողանում կրել, քանի որ շատ մեծ են վրաս, իսկ վաղուց մոռացված հների մեջ դեռեւս չեմ տեղավորվում: Նոր շորեր գնելու ցանկություն չունեմ, քանի որ նիհարելու գործընթացը դեռեւս չի ավարտվել: Սակայն դա, իհարկե, փոքրիկ անհարմարություն է, եթե համեմատելու լինենք այն հարմարավետության հետ, որը վաղուց արդեն չէի կարողանում զգալ` անասելի թեթեւ եմ քայլում, իսկ աստիճաններն այլեւս անհաղթահարելի խոչընդոտ չեն թվում:
Հարկ է նշել, որ Հասմիկ Աբովյանն այսչափ կտրուկ նիհարելու ջատագովներից չէ: Նա սովորաբար խորհուրդ է տալիս ամսական ընդամենը 3կգ գցել: Բայց, տեսնելով, թե որքան անհամբեր եմ եւ հաշվի առնելով, որ առողջությանս հետ կապված որեւէ հակացուցումներ չկան, համաձայնել էր արագացված ռեժիմով նիհարեցման կուրս անցնել ինձ հետ:
Եւ այսպես, երրորդ չափումների արդյունքներն են`
Քաշ – 68.9կգ (72.8; 78.3)
Իրանի շրջագիծ – 89սմ (91; 100)
Կոնքերի շրջագիծ – 105սմ (108; 114)
Կրծքի շրջագիծ – 101սմ (103; 106)
Որովայն – 95սմ (105; 112)
Անահիտ Սարգսյան






