Հետազոտությամբ պարզվել է, որ ավանդաբար դեղահաբի տեսքով թողարկվող տամօքսիֆենը գելի տեսքով կիրառման դեպքում եւս կարող է կրծագեղձի քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայել, հաղորդում է FoxNews-ը:
Խոսքը հորմոնալ դեղամիջոցի մասին է, որը, էստրոգենի ռեցեպտորներին միանալով, բջիջների բաժանումն արգելակող պայմաններ է ստեղծում: Այն հիմնականում բարձր ռիսկային գոտում գտնվող կանանց է նշանակվում՝ որպես պրոֆիլակտիկ միջոց, սակայն հիվանդության զարգացման ամենավաղ փուլերում եւս կարող է օգտակար գտնվել:
Հետազոտության շրջանակում կրծագեղձի ոչ ինվազիվ քաղցկեղի ամենալայն տարածում գտած եղանակներից մեկով՝ ծորանային կարցինոմայով հիվանդ 45-86 տարեկան 26 կանանց պատահականության սկզբունքով տամօքսիֆենի դեղահաբ կամ գել է առաջարկվել: Փորձարկման արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ, բջիջների պոլիֆերացիայի տեսանկյունից, բուժման երկու մեթոդները հավասար արդյունավետություն են ենթադրում, իսկ ինչ կողմնակի ազդեցություններին է վերաբերում, դեղամիջոցի՝ գելի տեսքով կիրառման պարագայում կարելի է զարկերակներում արյան խցանումների վտանգից խուսափել: Այդուհանդերձ, որոշ կողմնակի ազդեցություններ երկու մեթոդների դեպքում էլ ի հայտ են գալիս: Խոսքը սեռական օրգաններին եւ ստամոքսա-աղիքային համակարգին առնչվող ախտանշանների, ինչպես նաեւ քրտնարտադրության եւ ջերմության տատանումների մասին է:
Գիտնականները հույս են տածում, որ բացահայտման արդյունքում առավել մեծ թվով կայանք կանխարգելիչ թերապիայի օգնությանը դիմելու վերաբերյալ որոշում կկայացնեն:






