Երկու օր առաջ Ուկրաինայում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում ՁԻԱՀ-ի բուժման նպատակով գիտահետազոտական աշխատանքների իրականացմամբ զբաղվող տասնյակ առաջնակարգ փորձագետների մահը մեծ ցնցում էր գիտական համայնքի համար: Նրանք մտահոգություն ունեն, որ հիվանդության բուժման հեռանկարների առումով աշխարհը մեծ կորուստ է ունեցել, հաղորդում է FoxNews-ը:

Վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների թվում էր, մասնավորապես, Ամստերդամի համալսարանի բժշկական ակադեմիայի պրոֆեսոր Յոպ Լանգը, ով ավելի քան 30 տարի հիվանդության ուսումնասիրությամբ էր զվաղվում եւ ոլորտի հսկաներից մեկը համարվում: Նա անխոջ պայքար էր մղում՝ աղքատ երկրների ՄԻԱՎ-վարակակիր բնակիչների համար ՁԻԱՀ-ի դեմ կիրառվող արդյունավետ՝ հակառետրովիրուսային դեղամիջոցների հասանելիություն ապահովելու եւ ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային անցումը կանխարգելելու նպատակով:

«Համաշխարհային առողջապահությունը եւ ՁԻԱՀ-ին հակազդող գիտական համայնքն իր առաջնորդներին մեկին է կորցրել: Նրա ստեղծագործական կարողությունները, մարդասիրությունը, կազմակերպչական ունակություններն անփոխարինելի են», - գտնում է Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի տնօրեն, ՄԱԿ-ի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նպատակաուղղված ծրագրի՝ UNAIDS-ի նախկին գործադիր տնօրեն Պիտեր Պիոտը:

ՄԱԿ-ը եւս գտնում է, որ աշխարհն իր լավագույն գիտնականներից եւ ՁԻԱՀ-ին հակազդող գիտական համայնքի ակտիվիստներից մեկին է կորցրել:

Վթարի ենթարկված ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, ոլորտի շուրջ 100 ներկայացուցիչներ կային, որոնք Մելբուռն էին մեկնում՝ հուլիսի 20-ին մեկնարկելիք ՁԻԱՀ 2014 գիտաժողովին մասնակցելու համար: Միջոցառմանը ոչ միայն 12 հազար մասնակիցներ, այլ նաեւ՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն էր սպասում՝ հիմնազեկույցով ելույթի համար:

Համաձայն վերջին տեղեկությունների՝ գիտաժողովն, այնուամենայնիվ, չի հետաձգվելու:

Լոնդոնի համալսարանական քոլեջի վիրուսային օնկոլոգիայի ֆակուկտետի պրոֆեսոր Ռոբին Ուայսը Լանգին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առաջամարտիկ Ջոնաթան Մաննի հետ է համեմատել, ով 1998թ.-ին կնոջ եւ միաժամանակ գործընկերոջ՝ Մարի Լու Կլեման-Մաննի հետ միասին  Ջենովա ուղեւորվելիս ավիավթարի զոհ էր դարձել: «Այն ժամանակ էլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքար մղող գիտական համայնքը մեծագույն կորուստն ունեցավ», - գտնում է նա՝ հավելելով, որ պրոֆեսոր Լանգը հսկայական ներդրում է ունեցել կլինիկական փորձարկումների գործում:

Վթարի ենթարկված ուղեւորների թվում է եղել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Գլեն Թոմասը, ով եւս ՄԻԱՎ-ի ուղղությամբ էր աշխատում եւ ավելի քան մեկ տասնամյակ անդուլ պայքար մղում՝ հանրային առողջության համար: