Հետազոտությամբ պարզվել է, որ ՄԻԱՎ-ի դեմ կիրառվող դեղամիջոցները կարող են նաեւ ցրված սկլերոզի բուժման միջոց ծառայել: Մասնավորապես, գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն հանգամանքը, որ ՄԻԱՎ-վարակակիր մարդկանց մոտ հազվադեպ է ցրված սկլերոզ ի հայտ գալիս:
ՄԻԱՎ-ը, վիրուսի կամ հակավիրուսային դեղամիջոցների ազդեցությամբ, մարդու իմունային համակարգի քրոնիկ ճնշման է հանգեցնում: Իսկ սկլերոզի առաջացման նախապայմանը անոմալ բնույթի ագրեսիվ, նյարդային բջիջների պաշտպանական (միելինային) թաղանթի վրա հարձակումներ գործադրող իմունային համակարգն է համարվում: Միելինային թաղանթից զրկված բջիջները այլեւս չեն կարող նյարդային իմպուլների արդյունավետ փոխանցում ապահովել, ինչը կաթվածի առաջացմամբ, տեսողության կորստով, անմիզապահությամբ, ինչպես նաեւ մտավոր կարողությունների եւ զգայունության նվազեցմամբ է սպառնում, գրում է The Daily Mail-ը:
Իմունային համակարգը ճնշող դեղամիջոցները կարող են հիվանդության զարգացման վաղ շրջանում արգելակող ազդեցություն ապահովել. առավել ուշ փուլերում կիրառման դեպքում արգելանքն այլեւս չի գործում:
Մարիա թագուհու եւ Օքսֆորդի համալսարանները՝ Ուելսի դքսի հիվանդանոցի հետ համատեղ, հետազոտություն են նախաձեռնել 1999-2011թթ. Անգլիայում բուժում ստացած ավելի քան 21 հազար ՄԻԱՎ-վարակակիր հիվանդների շրջանում: Նրանց բժշկական տվյալները ՄԻԱՎ-ից զերծ 5 մլն. մարդկանց առողջական ցուցանիշների հետ են համեմատվել, ինչի արդյունքում պարզվել է, որ վարակակիրների մոտ ցրված սկլերոզի առաջացման հավանականությունը, վերահսկիչ խմբի հետ համեմատությամբ, 62 տոկոսով ցածր է: Այդուհանդերձ, գիտնականները դեռ պետք է պարզեն, թե որն է հիշյալ դրական ազդեցությունը կոնկրետ պատճառը:






