Հայաստանի հաշմանդամություն ունեցող կանայք ԵՊՀ Գենդերային հետազոտությունների եւ Առաջնորդության կենտրոնի աջակցությամբ հետազտություն են անցկացրել՝ պարզելու համար, արդյոք վերարտադրողական առողջության ծառայությունները հասանելի եւ մատչելի են հաշմանդամություն ունեցող կանանց համար:
Նախաձեռնության հեղինակ Զարուհի Բաթոյանի խոսքով, մինչեւ այժմ նման հետազոտություններ Հայաստանում չէին անցկացվել: Հետազոտության նպատակն էր վեր հանել ֆիզիկական մատչելիության, վերաբերմունքային, բուժհաստատությունների նյութա-տեխնիկական հագեցվածության եւ այլ խնդիրները, որոնց հետ կարող են առնչվել հաշմանդամություն ունեցող կանայք: Չէ՞ որ բոլոր այդ ծառայություններից օգտվելու համար նման կանանց շատ հաճախ լրացուցիչ աջակցություն է անհրաժեշտ:
«Հաշմանդամություն ունեցող կինը կրկնակի խոցելի է՝ նախ իր սեռի, ապա նաեւ՝ իր հաշմանդամության պատճառով: Եթե երկրում բազմաթիվ առողջապահական կամ այլ ծրագրեր են իրականացվում կանանց համար, ապա այդ ամենից պարզապես դուրս են մնում հաշմանդամություն ունեցող կանայք», - ասաց Զարուհի Բաթոյանը, հավելելով, որ նմանատիպ ծրագրերում՝ թե պետական, թե հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող, հաճախ հաշվի չեն առնվում հաշմանդամների խնդիրներն ու կարիքները:
Հետազոտության ընթացքում հաշմանդամություն ունեցող կանայք եւ աղջիկները այցելել են բուժհաստատություններ եւ սեփական փորձով փորձել են պարզել, թե որքանով են առողջապահական ծառայությունները նրանց հասանելի, եւ ինչ խնդիրների է հնարավոր հանդիպել՝ այդ ծառայություններից օգտվելիս:
Ի՞նչ խնդիրներ են հայտնաբերել հետազոտության հեղինակները:
Ֆիզիկական մատչելիություն
Նախեւառաջ, հաշմանդամություն ունեցող կանայք խնդիրների հետ են առնչվում՝ բուժհաստատություններ մուտք գործելիս, քանի որ կլինիկաների ֆիզիկական մատչելիությունը միշտ չէ, որ պատշաճ կերպով ապահովված է: Խոսքը, ինչպես նշեց Զարուհի Բաթոյանը, միայն թեքահարթակների մասին չէ. օրինակ, կույր կանանց համար կլինիկաներ մուտք գործելը նույնպես բավական դժվար է: Բացի այդ, նրանց համար հասանելի չեն բուժհաստատությունների տեղեկատվական նյութերը:
Ինչ վերաբերվում է թեքահարթակներին, շատ բուժհաստատությունների դիմաց կառուցվող թեքահարթակները չեն համապատասխանում ոչ մի չափանիշների եւ անհարմար են օգտագործման համար:
Վերաբերմունք, կարծրատիպային մոտեցումներ
Շատ բժիշկներ հաշմանդամություն ունեցող մարդուն վերաբերվում են որպես «հիվանդի», ոչ լիարժեք մարդում, եւ, անտեսելով իրեն, հարցերն ուղղում են ուղեկցող մարդուն: Կամ էլ՝ առանց հետաքրքրվելու, որոշում են, որ 34-ամյա գեղեցիկ կինը չի ապրում սեռական կյանքով եւ չի կարող երեխա ունենալ, քանի որ նա սայլակի վրա է:
Նման խնդիրները լուծելի են՝ նույնիսկ մի քանի վերապատրաստման դասընթաց կարող է հայաստանցի բժիշկներին օգնել ավելի ճիշտ վարվել հաշմանդամություն ունեցող կանանց հետ:
Զարուհի Բաթոյանը հավելեց, որ, չնայած վերը նշված թերություններին, Հայաստանի շատ եւ շատ բուժհաստատություններում գերիշխում է դրական վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ եւ նրանց օգնելու ցանկությունը, բայց դա չի բացառում տհաճ կարծրատիպային մոտեցումները:
Հետազոտության հեղինակը նշեց նաեւ, որ այս ոլորտում հայտնաբերված խնդիրների մեջ կան բավական հեշտ լուծվող հարցեր՝ բոլոր խնդիրները չեն, որ ֆինանսական ներդրումներ կամ լուրջ քայլեր, բարեփոխումներ են պահանջում:






