Ցանկացած մարդ կարող է վարակվել ՄԻԱՎ-ով՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով: Ոչ ոք դրանից պաշտպանված կամ ապահովագրված չէ, սակայն որոշ մարդիկ բարձր ռիսկային խմբում են, եւ նրանց՝ վարակվելու հավանականությունը ավելի բարձր է: Ռիսկի խմբերի մասին լրագրողներին պատմել է «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց արեւելաեվրոպական եւ միջինասիական միավորման» խորհրդատու եւ «Ուկրաինայի հիվանդներ» կազմակերպության փորձագետ Մարիա Գրիշինան:
Թմրամիջոցներ օգտագործող մարդիկ
Բարձր ռիսկի խմբում մեծ տեղ են զբաղեցնում ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդիկ, ովքեր հաճախ են օգտագործում այլ մարդկանց ներարկիչները: Քանի որ ՄԻԱՎ-ը արյան միջոցով է փոխանցվում, ներարկիչի վրա կարող են մնալ վարակված արյան հետքեր, եւ այդ ներարկիչն օգտագործող թմրամոլը կարող է վարակվել ՄԻԱՎ-ով: Ի դեպ, թմրամոլները կարող են վարակվել նաեւ ընդհանուր օգտագործման սպասքից, որի մեջ թմրամիջոցները պատրաստվում են:
Կոմերցիոն սեքսի աշխատողներ
Մարմնավաճառները եւ բոլոր նրանց «հաճախորդները» նույնպես բարձր ռիսկի խմբում են՝ հասկանալի պատճառներով: Ի դեպ, հիշեցնենք, որ նույնիսկ պահպանակի օգտագործումը 100%-ով չի պաշտպանում ոչ ՄԻԱՎ-ից, ոչ այլ սեռավարակներից:
Համասեռամոլները
Համասեռամոլ տղամարդկանց մոտ վարակվելու ռիսկը նույնպես բավական բարձր է, քանի որ անալ սեքսի ժամանակ ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը ավելի բարձր է, քան վագինալի սեքսի ժամանակ:
Բուժաշխատողներ
Զարմանալի է, բայց ՄԻԱՎ-վարակակիրների հետ աշխատող բուժանձնակազմը նունպես ռիսկի խմբում է: Բուժաշխատողները գործ ունեն վարակված արյան եւ հեղուկների հետ, եւ եթե նրանք ուշադիր չլինեն եւ նրանց բախտը չբերի, նրանք կարող են վարակվել:
Ի դեպ, ռիսկի խմբում են նաեւ բոլոր այն մարդիկ, ովքեր սեռական կոնտակտներ են ունենում վերեւում նշված մարդկանց հետ:






