Մի խումբ ֆրանսիացի գիտնականներ երկու ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց կողմից կիրառվող «ինքնաբուխ բուժման» գենետիկ մեխանիզմի բացահայտման մասին են հայտարարել՝ համոզմունք հայտնելով, որ նոր ռազմավարությունը կարող է նույնիսկ ՁԻԱՀ-ի ոչնչացման միջոց ծառայել: Այդուհանդերձ, Medical Observer-ի հաղորդմամբ, բազմաթիվ փորձագետներ «արտահայտությունները զգուշամտորեն ընտրելու» հորդոր են հղել գիտնականներին:
Հաղորդվում է, որ եզրահանգման համար հիմք ծառայած հետազոտությունը ՄԻԱՎ-ով վարակված, բայց երբեք ՁՒԱՀ-ի ախտանշաններ չդրսեւորած երկու հիվանդների նկատմամբ են իրականացվել: Գիտնականներին հաջողվել է վիրուսի գենետիկ կոդի փոփոխման միջոցով, դրա ապաակտիվացման, բայց ոչ՝ իմունային բջիջներից հեռացման մեխանիզմը բացահայտել: Գենետիկ մուտացիան, ըստ ամենայնի, APOBEC անվամբ հայտնի էնզիմների ազդեցությամբ է իրականացվում:
«APOBEC-ի խթանումը նոր հեռանկարներ է բացում՝ հիվանդության բուժման համար», - նշել են Ֆրանսիայի առողջության եւ բժշկական հետազոտությունների ինստիտուտը (Inserm) ներկայացնող գիտնականները՝ համատեղ հայտարարության տեքստում:
Որոշ փորձագետներ, այդուհանդերձ, հետազոտության արդյունքները «ոչ համոզիչ» են գնահատում:
«Եթե դա, որպես հիպոթեզ, գրասեղանիս գտնեի, անկեղծ ասած, անմիջապես աղբամանն էի նետելու», - նշել է Նոթինգհեմի համալսարանի մոլեկուլյար վիրուսաբանության ամբիոնի պրոֆեսոր Ջոնաթան Բոլը՝ պնդելով, թե գիտահետազոտական խմբի անդամները գործառնական բուժման որեւէ «վկայություն» չեն ներկայացրել:
ՄԻԱՎ-ը մարդու իմունային համակարգի CD4 բջիջների վերածրագրավորման միջոցով է բազմանալու հնարավորություն գտնում: Այդուհանդերձ, որոշ մարդկանց, որոնք վարակվածների մեկ տոկոսից էլ քիչ բաժինն են կազմում, հաջողվում է վիրուսի բազմացմանը դիմակայել եւ այն կլինիկական պայմաններում ոչ ախտորոշելի մակարդակի վրա պահել: Այդ մարդիկ «էլիտար վերահսկիչներ» անվամբ են հայտնի, թեեւ դեռեւս պարզ չէ, թե ինչ մեխանիզմներ են նրանց օրգանիզմում կիրառվում՝ վիրուսը վերահսկողության տակ պահելու համար:
Ֆրանսիացի գիտնականների նախաձեռնությունը ստացած հետազոտությունը երկու այդպիսի՝ համապատասխանաբար 1985 եւ 2011թթ.-ին ՄԻԱՎ-ով ախտորոշված 57 եւ 23 տարեկան անձանց նկատմամբ են իրականացվել: Այդ մարդիկ մինչ այժմ էլ շարունակում են վարակակիր համարվել, սակայն վիրուսի առկայությունը նրանց մոտ հնարավոր չէ արյան ստանդարտ հետազոտությամբ հայտնաբերել:
Գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ վիրուսի՝ բազմանալու կարողությունից զրկված լինելու պատճառը դրա գենետիկ կոդի՝ տվյալ մարդկանց օրգանիզմում տեղի ունեցած փոփոխություններն են: Գիտնականների համոզմամբ, երեւույթի պատասխանատուն մարդու եւ վիրուսի միջեւ տեղի ունեցած ինքնաբուխ էվոլյուցիան է՝ գործընթաց, որն «էնդոգենիզացիա» անվամբ է հայտնի եւ նախկինում էլ բազմաթիվ վիրուսների չեզոքացման միջոց է ծառայել:
Նմանատիպ գործընթաց նաեւ կոալաների մոտ է նկատվում. վերջիններս ՁԻԱՀ-ի նմանությամբ գործող վիրուսներից մեկն իրենց գեներին ինտեգրելու, չեզոքացնելու եւ հիվանդության նկատմամբ դիմադրողականությունը ժառանգաբար փոխանցելու հատկություն են դրսեւորում:
«Մենք կարծում ենք, որ ՄԻԱՎ-ը եւս կարող է էնդոգենիզացիայի միջոցով բուժվել», - հայտարարել են գիտահետազոտական խմբի անդամները:






