Հաշմանդամություն ունեցող մարդիկ հաճախ են տարատեսակ խնդիրների մասին բարձրաձայնում, որոնցից մեկը քաղաքի ոչ մատչելի լինելն է. թեքահարթակները անհարմար են, իսկ հատուկ տրանսպորտ, որից սայլակին գամված մարդիկ կարող են օգտվել, քաղաքում չկա:
17-ամյա Էլեն Մկրտչյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում պատմել է այն մասին, թե Երեւանում ինչ այլ խնդիրների հետ է առնչվում սայլակին գամված կինը՝ մասնավորապես, առողջապահական ոլորտում:
«Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար Հայաստանում» հետազոտության մասնակից Էլենը այցելել էր Երեւանյան պոլիկլինիկաներից մի քանիսը՝ պարզելու համար, թե այնտեղ ինչ խնդիրներ կարող են ծագել՝ հաշմանդամություն ունեցող կնոջ համար:
«Եթե միայնակ գնայի այդ հաստատություն, անգամ մուտք գործելու հնարավորություն չէի ունենա, որովհետեւ թեքահարթակը աննկարագրելի անհարմար էր», - պատմում է աղջիկը:
Պոլիկլինիկայում ոչ ոք Էլենին օգնություն չէր առաջարկել, սակայն նրան ի վերջո հաջողվել էր, ծնողների ուղեկցությամբ, հաստատության տարածք մուտք գործել:
Ինչ վերաբերվում է պոլիկլինիկաների բուժանձնակազմի վերաբերմունքին, այն, Էլենի խոսքով, տարբեր է. կան թե անտարբեր բուժաշխատողներ, թե՝ խղճահարությամբ մոտեցողներ, թե՝ ուշադիր եւ բարի մասնագետներ: «Բայց հիմնականում վերաբերմունքը դրական է», - նշել է աղջիկը:
Երբեմն բուժհաստատություններում ի հայտ է գալիս մի խնդիր, որը թեեւ շատ լուրջ չէ, բայց կարող է բարկացնել կամ նեղացնել հաշմանդամություն ունեցող մարդուն. բժիշկները հաճախ իրենց հարցերն ուղղում են ոչ թե սայլակին գամված աղջկան, այլ՝ նրա ծնողներին:
«Դա ինձ շատ է բարկացնում, որովհետեւ ես գիտակից անձ եմ եւ սիրում եմ ինքնուրույն իմ խնդիրները լուծել», - ասել է Էլենը:
Իր մտքերը գրագետ եւ ճիշտ արտահայտող Էլենը, ի դեպ, ավարտել է դպրոցը, սակայն այս պահին չի կարող իրեն թույլ տալ համալսարան ընդունվել, չնայած այն բանին, որ երազում է դիզայներ դառնալ եւ շատ լավ է նկարում: Պատճառը ոչ այնքան ուսման վարձին է վերաբերում, որքան քաղաքի, մասնավորապես՝ համալսարանների ֆիզիկական անհասանելիությանը: NEWS.am Medicine-ի հետ զրույցի ընթացքում Էլենը հիշեցրել է, որ համալսարան ընդունվելու դեպքում հարկավոր է ամեն օր ուսումնական հաստատություն այցելել, իսկ դրա համար հատուկ տաքսի է անհրաժեշտ, որը բավական թանկ արժե. համալսարան գնալու եւ վերադառնալու համար աղջիկը օրական պետք է մոտ 5000 դրամ վճարի:
Այս պահին Էլենը զբաղվում է ինքնակրթությամբ, սակայն ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ եւ մասնագիտություն ձեռք բերել:






