2010թ. Կոնգոյում բռնկված պոլիոմիելիտի համաճարակի հանգամանքներն այն եզրահանգման են հանգեցնում, որ, չնայած առողջապահության համաշխարհային կազմակերպության հավաստիացումներին, հիվանդությունը դեռեւս վերջնականապես հաղթահարված չէ: Գերմանացի եւ ռուս գիտնականները, որոնք նոր բռնկման պատճառների ուսումնասիրությամբ են զբաղվում, պարզել են, որ ասիական ծագում ունեցող վիրուսը նոր՝ ինքնատիպ մուտացիա է ձեռք բերել: Հետազոտության արդյունքները PNAS ամսագրի վերջին համարում են հրապարակվել:
Կոնգոյի հանրապետությունում բռնկված համաճարակը մահացության առանձնակի բարձր ցուցանիշով էր առանձնանում (47 տոկոս): Ընդ որում, գլխավորապես ներարկում ստացած դեռահասները եւ ոչ՝ երեխաներն էին հիվանդանում ու մահանում: Ինչպես Gazeta.ru-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հետազոտությունների ռուս մասնակից, բժշկական գիտությունների Մ. Պ. Չումակովի անվան ռուսական ակադեմիային կից գործող պոլիոմիելիտի եւ վիրուսային էնցեֆալիտների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Լուկաշեւն է նշել, Բոննի համալսարանի վիրուսաբանության ինստիտուտը (որի հետ համագործակցության եզրեր կան) Կոնգոյում պոլիոմիելիտից մահացած 13 մարդու արյան եւ վիրուսի նմուշներ է ստացել: Շիճուկի հետազոտությամբ պարզվել է, որ համաճարակի զոհերը նախկինում հիվանդության դեմ պատվաստանյութ են ստացել: Այնուհետեւ գիտնականները ներարկում ստացած գերմանացիների՝ վիրուսի նոր տեսակից պաշտպանվածության մակարդակն են ստուգել: Արդյունքում պարզվել է, որ երկրի բոլոր՝ պատվաստանյութով ապահովված քաղաքացիների օրգանիզմում պոլիոմիելիտի սովորական՝ մինչեւ վերջերս շրջանառվող վիրուսները չեզոքացնելու (ոչնչացնելու) ունակ հակամարմիններ կան, որոնք, սակայն, յուրաքանչյուր հինգերորդ մարդու պարագայում, նորահայտ մուտանտի դեմ անզոր են պայքար մղել, ինչը, տեսականորեն, կարող է հիվանդության առաջացման պատճառ դառնալ:
Վիրուսի նոր դրսեւորումը 1-ին տիպի պոլիովիրուսի ասիական տարբերակների շարքին է դասվում, որոնք մեծ ի մասամբ Պակիստանում եւ Աֆղանստանում են տարածված: Հոլանդիայում իրականցված հետազա հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դասական մոնոկլոնալ չեզոքացնող համակարմինների 75 տոկոսն ի վիճակի չեն Կոնգոյում ի հայտ եկած վիրուսի դեմ արդյունավետ պայքար մղել: Վիրուսաբանները փորձել են հասկանալ, թե ինչու է վիրուսն անխոցելի դարձել: Ուսումնասիրությունների արդյունքներն այն մասին են վկայել, որ այն ինքնատիպ մուտացիա է ձեռք բերել, որը VP1 սպիտակուցի կազմում առկա ամինաթթուների փոխարինմամբ է նշանավորվում: Հիշատակված մուտացիայի արդյունքում անտիգեն հատվածի կոնֆիգուրացիայի եւ, հետեւաբար, վիրուսի անտիգեն հատկանիշների կտրուկ փոփոխություն է գրանցվել:
«Կարեւորը ոչ այնքան ծագման փաստն է, այլ՝ այն, որ 21-րդ դարի առաջին տասնամյակի ընթացքում վիրուսի՝ Ասիայից Աֆրիկա ներկրման առնվազն երեք դեպք է գրանցվել, որոնցից յուրաքանչյուրի արդյունքում վիրուսը կենտրոնական եւ արեւմտյան Աֆրիկայի երկրներում տարիներ շարունակ շրջանառվելու հնարավորություն է ստացել: Այս հանգամանքն ապացուցում է այն, որ, չնայած ԱՀԿ-ի հավաստիացումներին, պոլիովիրուսի լիարժեք հաղթահարումը շարունակում է ավելի շուտ երազանք, քան՝ առաջիկա տարիների մարտահրավեր մնալ», - նշել է Լուկաշեւը:






