Վերջին տարիներին Երեւանում սկսել են քայլեր ձեռնարկվել՝ միջավայրը հաշմանդամություն ունեցող մարդկանց ավելի հարմարավետ դարձնելու համար: Չնայած դրան, քաղաքում դեռ կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, կարծում է «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը:

Նրա խոսքով՝ 3-4 տարի առաջ ոչինչ չէր արվում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար քաղաքն ավելի հարմարավետ դարձնելու ուղղությամբ, իսկ այսօր արդեն քաղաքապետարանի բյուջեից 70 միլիոն դրամ է հատկացվել, ինչը, Նարինե Մանուկյանի կարծիքով, արդեն իսկ մեծ քայլ է:

Սակայն այս ուղղությամբ կարելի է եւ պետք է շատ ավելի մեծ քայլեր կատարել, քանի որ այն միջավայրը, որ հարմար է հաշմանդամներին, իրականում հարմար է բոլորին, մասնավորապես, հղի կանանց, ծեր մարդկանց եւ այլոց:

«Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ եթե բախտը բերի եւ մինչեւ խոր ծերություն հաշմանդամությունից խուսափելու հնարավորություն ունենա, բուն ծերությունից չի կարող խուսափել: Կարող են լինել այնպիսի պահեր, երբ ստիպված կլինենք սայլակով շարժվել», - նկատել է Նարինե Մանուկյանը:

Իսկ Երեւանի փողոցներում սայլակով տեղաշարժվող մարդկանց գրեթե չես հանդիպի: Իհարկե, պատճառը նրանում չէ, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ քիչ են: Նարինե Մանուկյանի փոխանցմամբ, սահմանափակ հնարավորություններով մարդկանց թիվը երկրում 61000-ից ավելի է: Պարզապես քաղաքը շատերի համար հասանելի չէ՝ փողոցների թեքահարթակները երբեմն չափազանց անհարմար են, իսկ որոշ շենքեր, օրինակ՝ բազմաթիվ պոլիկլինիկաներ սայլակով տեղաշարժվող մարդկանց առանց կողմնակի օգնության մուտքի հնարավորություն չեն ընձեռում:

«Հենաշարժողական խնդիրը ոչ մատչելի միջավայրի հետ բախման արդյունքում է հաշմանդամության վերածվում:  Իսկ երբ միջավայրը մատչելի է, երբ հասարակությունը լավ է ընդունում հաշմանդամություն ունեցող մարդուն, վերջինս կարող է դուրս գալ փողոց եւ մոռանալ իր խնդրի մասին», - նշել է Նարինե Մանուկյանը՝ հավելելով, որ դրական տեղաշարժ Հայաստանում ամեն դեպքում արդեն իսկ նկատելի է, եւ հույս կա, որ մոտ ապագայում քաղաքը շատ ավելի հասանելի կդառնա: