Վաթերլոոյի համալսարանի գիտնականները ստեղծել են նորարարական կոնտակտային ոսպնյակներ, որոնք կարող են անընդհատ դեղեր հասցնել աչքերին։ Մշակումը նկարագրված է ACS Applied Bio Materials գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունում։
Գիտնականների խոսքով՝ նոր ոսպնյակները կօգնեն տեսողության խանգարումներ ունեցող պացիենտներին հեշտացնել բուժումը եւ նվազեցնել աչքի կաթիլների հաճախակի օգտագործման անհրաժեշտությունը։ Ոսպնյակներ ստեղծելու համար գիտնականներն օգտագործել են սիլիկոնային հիմքով հիդրոգել, որը կարծրանում է ուլտրամանուշակագույն լույսի ազդեցության տակ:
Այդ նյութը ոչ միայն ճկուն է եւ դիմացկուն, այլ նաեւ դեղերը պահելու եւ աստիճանաբար առաքելու հատկություն ունի։ Փորձի ընթացքում օգտագործվել է ամոքսիցիլին՝ հակաբիոտիկ, որն օգտագործվում է աչքի վարակների բուժման համար:
Հիդրոգելի ծակոտկեն կառուցվածքը թույլ է տալիս կարգավորել դեղամիջոցի առաքման արագությունը ոսպնյակներ կրելու ողջ ընթացքում, ինչը զգալիորեն նվազեցնում է սխալների վտանգը եւ պացիենտներին ազատում է դեղորայքի ժամանակացույցը խստորեն պահպանելու անհրաժեշտությունից:
Թեստերը ցույց են տվել, որ հիդրոգելն արդյունավետ է նույնիսկ մեկ ամիս պահելուց հետո՝ միաժամանակ անվտանգ մնալով աչքերի համար։ Հետազոտողները վստահ են, որ դրանց մշակումը կարող է լայն կիրառություն գտնել ոչ միայն ակնաբուժության, այլ նաեւ կենսաբժշկության այլ ոլորտներում։






