Միչիգանի համալսարանի գիտնականները ներկայացրել են կլինիկական փորձարկման հուսադրող արդյունքներ, որի ընթացքում մեծահասակ մարդու ցողունային բջիջներն օգտագործվել են տարիքային մակուլյար դեգեներացիայի (ՏՄԴ) բուժման համար, որը 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ տեսողության անդառնալի կորստի հիմնական պատճառն է։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Stem Cell ամսագրում։
Կլինիկական փորձարկման 1/2a փուլի շրջանակում օգտագործվել են ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելի ցողունային բջիջներ, որոնք ստացվել են աչքի դոնորների հյուսվածքներից։ Այդ բջիջներն ունեն ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելի հասուն բջիջների վերածվելու ունակություն, որոնք կարևոր դեր են խաղում ցանցաթաղանթի առողջությունը պահպանելու և դեգեներացիան կանխելու գործում։
Վեց պացիենտ՝ ՏՄԴ-ի զարգացող չոր ձևով, վիրահատական միջամտության ընթացքում 50 000 ցողունային բջիջների փոխպատվաստում են ստացել։ Արդյունքները ցույց են տվել, որ բուժումն անվտանգ է. լուրջ բորբոքումներ կամ ուռուցքների առաջացում չեն նկատվել։ Ավելին, պացիենտների մոտ վիրահատված աչքում տեսողության բարելավում է նկատվել, մինչդեռ չվիրահատված աչքի տեսողությունը չի փոխվել, ինչը վկայում է մեթոդի արդյունավետության մասին։
Պրոցեդուրայից մեկ տարի անց բջիջների ցածր դոզա ստացած մասնակիցները կարողացել են ևս 21 տառ տարբերակել տեսողական սրության աղյուսակում։ Այս նշանակալի բարելավումը չի նկատվել վերահսկիչ խմբում, ինչը ընդգծում է մեթոդի ներուժը։
Հետազոտողները շարունակում են հետևել 12 այլ պացիենտների, ովքեր ստացել են բջիջների միջին և բարձր չափաբաժիններ (համապատասխանաբար՝ 150 000 և 250 000)։ Եթե լուրջ կողմնակի ազդեցություններ չլինեն, ապա թիմը նախատեսում է շարունակել հետազոտությունը և անցնել կլինիկական փորձարկումների հաջորդ փուլերին։
Այս մոտեցումը նոր հորիզոններ է բացում ՏՄԴ-ի բուժման մեջ՝ առաջարկելով ոչ միայն հիվանդության զարգացումը դանդաղեցնելու, այլև կորցրած տեսողությունը վերականգնելու հնարավորություն։






