Ընթացիկ տարվա մարտ ամսից ի վեր Էբոլա հեմոռագիկ տենդի վերջին համաճարակը Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում ոչ միայն բազմաթիվ տեղացիների, այլ նաեւ առողջապահական ոլորտի աշխատակիցների՝ մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակման պատճառ է դարձել: Մինչ այդ, հիվանդությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող եւ դրանց առաջացման կանխարգելմամբ զբաղվող ամերիկյան վարչությունը բազմիցս է ԱՄՆ քաղաքացիներին հավաստիացրել, որ երկրում գործող բուժհաստատությունները պատրաստ են դիմակայել վիրուսի անդրատլանտյան բռնկումներին: Այդուհանդերձ նույն՝ առողջապահական ոլորտը ներկայացնող բազմաթիվ աշխատակիցներ համաձայն չեն տրված գնահատականին եւ ճիշտ հակառակն են պնդում, թե ամերիկյան հիվանդանոցներն ամենեւին պատրաստ չեն վիրուսի տարածմանը դիմակայելու հեռանկարին. տեսակետի ճշմարտացիությունն, ի միջի այլոց, դալասյան դեպքերն են հավաստելու գալիս, երբ բուժքույրերի՝ տենդով վարակման դեպքեր էին արձանագրվել: Այժմ էլ Հյուսիսային Քալիֆորնիայում աշխատող ավելի քան 18 հազար բուժքույրեր պատրաստվում են երկօրյա գործադուլ նախաձեռնել՝ հարցի շուրջ իրենց մտահոգությունները դրսեւորելու համար, հաղորդում է Medical Daily-ն:
Նոյեմբերին 11-ին մեկնարկելիք գործադուլին National Nurses United (NNU) արհեստակցական միության անդամ՝ 21 հիվանդանոցներում եւ 65 կլինիկաներում աշխատող բուժքույրերը կմասնակցեն: Ու թեեւ ակցիայի կիզակետում Էբոլային դիմակայելու պատրաստվածության մակարդակի շուրջ մտահոգություններն են, արհմիության ներկայացուցիչները պնդում են, որ ամեն ինչ հիվանդների խնամքի համար նախատեսված ստանդարտների անկատարությամբ է պայմանավորված: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ բուժաշխատողները փորձում են հարցի նկատմամբ առողջապահական կենտրոնների սեփականատերը հանդիսացող Kaiser Permanente ընկերության ուշադրությունը հրավիրել: «Չնայած դրան, Kaiser-ի ղեկավարությունը շարունակում է ընդդիմալ հիվանդների խնամքի համար նախատեսված ստանդարտների կատարելագործմանը միտված տասնյակ առաջարկներին եւ հրաժարվում՝ Էբոլային առնչվող անվտանգության կանոնակարգերի ու պաշտպանիչ սարքավորումների վերաբերյալ մտահոգությունների հիմնավորվածությունն ընդունել», - նշվում է միության կողմից տարածված մամուլի հաղորդագրության տեքստում:
Մինչդեռ այդ մտահոգությունները միանգամայն արդիական են, հատկապես՝ Էբոլայի մասով: ԱՄՆ տարածքում մահացու վտանգավոր հիվանդությամբ ախտորոշված առաջին հիվանդից՝ Թոմաս Էրիկ Դունկանից երկու բուժքույրերի վարակման փաստը վառ վկայությունն է առ այն, թե որքան անպատրաստ են բուժհաստատությունները՝ հնարավոր համաճարակին, եւ որքան հեշտությամբ ողջ համակարգը կարող է փլուզվել: Դունկանն ի սկզբանե, ոչ այնքան բարձր ջերմությամբ դրդված, բժիշկների օգնությանն էր դիմել եւ նույնիսկ նշել, որ վերջերս Արեւմտյան Աֆրիկայում է եղել: Իսկ բժիշկները նրան ընդամենը հակաբիոտիկներ էին նշանակել եւ տուն ուղարկել: Եւ միայն երկու օր անց էր պարզվել, որ տղամարդն Էբոլա ունի: Հետո էլ բուքույրերն էին, հաստատության տնօրինության պահանջով, առանց պատշաճ պաշտպանիչ միջոցների երկու օր շարունակ վարակվածի խնամքը կազմակերպել: Եվ սա բացառիկ օրինակ չէ. արհմիության նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երկրում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալով բուժքույրերի 85 տոկոսն իրենց անպաշտպան են համարում:
Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ երկու բուժքույրերի ախտորոշմանը առողջապահական ոլորտի պատասխանատուների համեմատաբար արագ արձագանքն է հետեւել: Անմիջապես համարժեք խնամքի համար նախատեսված բուժհաստատությունների ուղղությամբ տեղափոխություն եւ ինտենսիվ բուժում է կազմակերպվել, ինչի արդյունքում երկուսն էլ ապաքինվել են: Բացի այդ, հիվանդների հետ շփման մեջ մտած բոլոր անձինք բացահայտվել են եւ երեք շաբաթ շարունակ հսկողության տակ պահվել, թեեւ նրանցից ոչ ոքի մոտ վարակի առկայությունը չի հաստատվել: Նյու-Յորքում եւս, որտեղ հեմոռագիկ տենդով վարակված դոկտոր Քրեգ Սփենսերի բուժումն է ընթանում, հսկողության տակ առնված՝ թվով 357 բնակիչներ կան՝ չնայած այն հանգամանքին, որ բժիշկը նախքան վարակակիր դառնալն է հիվանդանոց ընդունվել (40 աստիճանից ցածր ջերմությամբ): Հաշվի առնելով վերը հիշատակվածը, կարելի է համոզմունք հայտնել, որ վիրուսի՝ ԱՄՆ-ում տարածման վտանգի վերաբերյալ մտահոգությունները չափազանցված են: Թեեւ բուժքույրերի մտահոգությունները եւս խելամտության սահմաններում են. ի վերջե հենց նրանք են հիվանդների խնամքն իրականացնում:
Անդրադառնալով Kaiser Permanente-ի դեմ գործադուլին, հարկ է նշել, որ ընկերությունն էլ բուժքույրերին է բանակցությունների սառեցման մեջ մեղադրում: «Մենք նույնիսկ դասընթացներ ենք կազմակերպել՝ պաշտպանիչ սարքավորումների կիրառման վերաբերյալ եւ բազմիցս արհմիությանն ուղղված՝ Էբոլայի դեմ ռազմավարական քաղաքականության մշակմանը մասնակցելու խնդրանքով հանդես եկել: Սակայն հակընդդեմ կողմը պարբերաբար մերժումներ է տալիս եւ մեկը մյուսի հետեւից՝ Էբոլայի դեմ անպատրաստվածության մասին մամուլի ասուլիսներ կազմակերպում», - նշել է Kaiser-ի ներկայացուցիչ Ջոն Նելսոնը:
Հարկ է նշել, որ գործադուլի ընթացքում բուժհաստատությունների հիմնական գործառույթները չեն դադարեցվելու: Շտապ օգնության, առաջնային եւ հատուկ խնամքի բաժանմունքները, դեղատները եւ լաբորատորիաները կշարունակեն սովորական ռեժիմով աշխատել: Միայն որոշ ընդունելություններ եւ ընտրանքային պրոցեդուրաներ չեղյալ կհայտարարվեն:
Հիշեցնենք, որ Արեւմտյան Աֆրիկայի՝ վիրուսից առավել տուժած երեք երկրներից՝ Լիբերիայից, Սիերա-Լեոնեից եւ Գվինեայից բացի, հեմոռագիկ տենդով վարակման դեպքեր նաեւ ԱՄՆ-ում, Իսպանիայում, Մալիում, Նիգերիայում եւ Սենեգալում են արձանագրվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, նոյեմբերի 5-ի դրությամբ մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը 13 042-ի է հասնում, մահվան ելքերինը՝ 4818-ի:






