Մայո կլինիկայի գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ մի մեխանիզմ, որի օգնությամբ երիկամները կարգավորում են օրգանիզմի ջրային հաշվեկշիռը: Այդ բացահայտումը կարող է հանգեցնել երիկամների պոլիկիստոզ հիվանդության և երիկամային այլ հիվանդությունների բուժման ավելի արդյունավետ եղանակների ստեղծմանը:
Նեֆրոլոգ, դոկտոր Ֆուադ Չեբիբի ղեկավարությամբ իրականացված հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Investigation բժշկագիտական հանդեսում: Դրա արդյունքները լրացնում են երիկամների ֆիզիոլոգիայի վերաբերյալ առկա պատկերացումները և ցույց են տալիս, որ ջուրը պահելու և մեզը խտացնելու օրգանիզմի կարողությունը կախված չէ միայն վազոպրեսին հորմոնից, ինչպես կարծում էին նախկինում:
Անսպասելի բացահայտում
Բացահայտումն արվել է երիկամների պոլիկիստոզ հիվանդության հետազոտությունների ժամանակ. սա տարածված ժառանգական հիվանդություն է, որի դեպքում երիկամներում աստիճանաբար ձևավորվում են հեղուկով լցված կիստաներ։ Ժամանակի ընթացքում դրանք խաթարում են օրգանի աշխատանքը և կարող են հանգեցնել երիկամային անբավարարության, ինչը պահանջում է դիալիզ կամ փոխպատվաստում:
Ուսումնասիրելով կիստաների աճը երիկամների բջիջների լաբորատոր մոդելների վրա՝ հետազոտողները փորձարկել են նյութեր, որոնք, ենթադրվում էր, որ պետք է ուժեղացնեին ախտաբանական գործընթացը։ Դրանց թվում էր պրոբենեցիդը՝ դեղամիջոց, որն առաջին անգամ օգտագործվել է դեռևս 1940-ական թվականներին՝ մեզի միջոցով պենիցիլինի արտազատումը նվազեցնելու և դրա ազդեցությունը երկարացնելու համար։
Սակայն արդյունքներն անսպասելի են եղել. կիստաների աճն արագացնելու փոխարեն պրոբենեցիդը դանդաղեցրել է այդ գործընթացը։
Փորձերի բազմակի կրկնությունից հետո գիտնականները համոզվել են, որ բախվել են նոր և կարևոր կենսաբանական մեխանիզմի:
Միզաթթվի նոր դերը
Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ պրոբենեցիդը փոխում է ուռատների (միզաթթվի) տեղափոխումը երիկամների բջիջներում։
Բջիջների ներսում ուռատը կատարում է ազդանշանային մոլեկուլի դեր։ Այն գործի է գցում ռեակցիաների մի շղթա, որոնց շնորհիվ բջիջների մակերեսին հայտնվում են լրացուցիչ ջրային անցուղիներ: Դա երիկամներին հնարավորություն է տալիս կրկին ներծծել ջուրը և խտացնել մեզը՝ առանց վազոպրեսինի մասնակցության, որն ավանդաբար համարվում էր այս գործընթացի գլխավոր կարգավորիչը:
Ըստ հեղինակների՝ խոսքը օրգանիզմի ջրային հաշվեկշռի պահպանման նախկինում անհայտ ուղու մասին է։
Ի՞նչ կարող է սա նշանակել բուժառուների համար
Բացահայտումն առանձնահատուկ կարևոր է երիկամների պոլիկիստոզ հիվանդությամբ տառապող մարդկանց համար։
Այսօր հիվանդության ամենատարածված ձևի՝ աուտոսոմ-դոմինանտ երիկամների պոլիկիստոզ հիվանդության զարգացումը դանդաղեցնող միակ հաստատված դեղամիջոցը տոլվապտանն է։ Այն գործում է վազոպրեսինի արգելափակման միջոցով և օգնում է դանդաղեցնել կիստաների աճը, սակայն առաջացնում է մեզի ծավալի զգալի աճ։ Շատ բուժառուներ օրական արտազատում են 6-7 լիտր մեզ, ինչն էականորեն վատթարացնում է կյանքի որակը և հաճախ հանգեցնում թերապիայից հրաժարվելուն:
Նախակլինիկական հետազոտություններում և փոքրածավալ կլինիկական փորձարկումներում պրոբենեցիդի հավելումը հնարավորություն է տվել նվազեցնել մեզի ծավալը և գիշերային միզարձակման հաճախականությունը՝ առանց բուժման արդյունավետության նվազեցման։
Դեղամիջոցի նշանակումից հետո մեզի ծավալը միջինում կրճատվել է մոտ 30%-ով, իսկ զուգարանից օգտվելու համար գիշերային արթնացումների թիվը մի քանիսի փոխարեն նվազել է մինչև մեկ անգամ։ Շատ մասնակիցներ հայտնել են նաև կյանքի որակի բարելավման մասին:
Քայլ դեպի բուժման նոր մեթոդներ
Չնայած խոստումնալից արդյունքներին, հետազոտողները պրոբենեցիդը չեն դիտարկում որպես խնդրի վերջնական լուծում։ Դա հին դեղամիջոց է՝ օրգանիզմի տարբեր համակարգերի վրա բազմաթիվ ազդեցություններով, որն այսօր համեմատաբար հազվադեպ է կիրառվում։
Փոխարենը, գիտնականները մտադիր են օգտագործել ստացված գիտելիքները՝ մշակելու համար ավելի թիրախային դեղամիջոցներ, որոնք կազդեն ուղղակիորեն ջրային հաշվեկշռի կարգավորման այս նոր ուղու վրա։
Հեղինակների կարծիքով՝ այն բանի ըմբռնումը, թե ինչպես կարող են երիկամները ջուրը պահել վազոպրեսինից անկախ, ապագայում կօգնի ստեղծել երիկամների պոլիկիստոզ հիվանդության և, հնարավոր է, այլ նեֆրոլոգիական հիվանդությունների բուժման ավելի անվտանգ ու հարմարավետ մեթոդներ։
Հետազոտությունը միաժամանակ ցույց է տալիս, որ նույնիսկ վաղուց հայտնի դեղամիջոցները կարող են հանգեցնել անսպասելի բացահայտումների և նոր ուղղություններ բացել բժշկության մեջ:






