Բազմաթիվ են դեպքերը, երբ հիվանդներին թմրամոլների, քաղցկեղով ախտորոշվածների եւ տարեց մարդկանց գրեթե անկենդան օրգաններ են փոխպատվաստվում:

Նախորդ տարի իրականացված վիրահատությունների առնվազն քառորդ մասը բարձր ռիսկային՝ վնասված կամ ախտահարված օրգանի փոխպատվաստմամբ են ավարտվել:

Դեպքերից մեկում վիրաբույժի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել՝ լյարդի անբավարարությամբ տառապող հիվանդի օրգանն այլոց փոխպատվաստելու համար, հաղորդում է The Daily Mail-ը:

Ընթացիկ ամսվա մեկնարկին էլ երկու հիվանդներ էին մահացել՝ անօթեւան եւ ալկոհոլիկ մեկի՝ հազվագյուտ մակաբուծային որդով ախտահարված երիկամը ստանալուց հետո: 

Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Մեծ Բրիտանիայում ռիսկային օրգանի փոխպատվաստմամբ 333 վիրահատություն է իրականացվել: Խոսքը, մասնավորապես, նախկին թմրամոլներից, քաղցկեղով հիվանդներից եւ 71 տարեկանից բարձր մարդկանցից ձեռք բերված օրգաններին է վերաբերում: Վիրահատությունների ընդհանուր թիվը 1 320 է կազմել:

333-ն էլ թերեւս թերագնահատված ցուցանիշ է հանդիսանում, քանի որ ծխողներից, ճարպակալում ունեցողներից եւ սեռականապես խիստ ակտիվ՝ ՄԻԱՎ-ով կամ այլ ինֆեկցիաներով վարակված լինելու ռիսկը կրող մարդկանցից ձեռք բերված օրգանները հաշվի չի առնում: 

Հատկանշական է, որ վերջին երեք տարիներին ռիսկային օրգանների փոխպատվաստման դեպքերի գրեթե կրկնապատկում է գրանցվել՝ 2011թ.-ին ցուցանիշը 181 էր կազմում:

«Մեզ հաճախ են ռիսկային դոնորներ առաջարկում: Որոշ դեպքերում խոսքը նույնիսկ սեպսիսով (արյան վարակում) մահացողների մասին է: Բացի այդ, նաեւ ոչ վաղ անցյալում փոխանցման տեսանկյունից խիստ վտանգավոր քաղցկեղով ախտորոշված դոնորներ են առաջարկվել: Գաղափարն այն է, որ հիվանդանոցում մահացող ցանկացած մարդ պետք է որպես պոտենցիալ դոնոր դիտարկվի, սակայն բազմաթիվ «բայց»-եր կան, որոնք հաշվի չեն առնվում», - նշել է վիրաբույժ եւ լյարդաբան Բրայոն Ժակը, հավելելով, որ եթե անգամ կոնկրետ ռիսկային դոնորը մերժվում է մեկ հաստատության կողմից, մյուսում կարող է հավանության արժանանալ, ինչին հատկապես ոլորտի պատասխանատուների ճնշումներն են նպաստում՝ առ այն, որ հարկավոր է հնարավորիս շատ թվով օրգաններ ընդունել:  Մերժման ցուցանիշն, ընդ որում, 28-72 տոկոս է կազմում:

Պարբերաբար մերժում տվող կլինիկաների ուղղությամբ թե ամոթանքի խոսքեր, եւ թե փակման վտանգի առաջ կանգնելու մասին սպառնալիքներ են հնչեցվում:

Հատկանշական է, որ վերը բերված ցուցանիշը միայն մահացած դոնորներին է վերաբերում. երիկամներից մեկը փոխպատվաստման հանձնած անձինք կարող են, մյուսի հաշվին, մինչ այժմ էլ կենդանի լինել: