Տոկիոյում Էբոլա տենդի կասկածանքով մի տղամարդ է հոսպիտալացվել, ով վերադարձել է Սիերա Լեոնեից, որտեղ համաճարակը չի դադարում:
Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, 30 տարեկան է. նա Ճապոնիա է ժամանել Սիերա Լեոնեից դեկտեմբերի 23-ին եւ մինչեւ հիմա իրեն լավ է զգացել: Սակայն վերջերս նրա ջերմությունը բարձրացել է մինչեւ 38.2 աստիճան, եւ նրան անմիջապես հոսպիտալացրել են:
Էբոլա վիրուսի առկայության մասին թեստերի արդյունքները դեռ անհայտ են, սակայն ճապոնական ԶԼՄ-ները հայտնում են, որ տղամարդը հիվանդների հետ անմիջական կապ չի ունեցել, բայց օգնել է Էբոլա տենդից մահացած մարդկանց հուղարկավորելու հարցում (իսկ դա նույնպես կարող է վարակման հանգեցնել):
Ճապոնիայում այս պահին Էբոլա տենդի ոչ մի դեպք չի գրանցվել, սակայն երկրում խիստ կարանտինային միջոցներ են սահմանվել հիվանդության տարածումը կանխարգելելու համար: Կառավարությանը կից ստեղծվել է Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի շտաբ, ինչպես նաեւ տվյալ խնդրի վերաբերյալ տեղեկատվական կենտրոն: Ճապոնիայի առողջապահության նախարարությունը պարտավորեցրել է երկիր ժամանող բոլոր մարդկանց տեղեկացնել իշխանություններին, եթե վերջին երեք շաբաթների ընթացքում նրանք այցելել են Գվինեա, Լիբերիա, Սիերա Լեոնե եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Արեւմտյան Աֆրիկայի երկրներից ժամանած բոլոր մարդկանցից պահանջվում է 21 օրվա ընթացքում մասնագետներին տեղեկացնել իրենց առողջության վիճակի մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա տենդի զոհերի թիվը հասել է 7693 մարդու, իսկ 19 695 էլ վարակվել է:






