Ասթմայի զարգացման նախատրամադրվածությունը փոխանցվում է ժառանգաբար, բայց դա չի նշանակում, որ ասթմատիկ մոր մոտ պարտադիր ծնվելու է ասթմայով հիվանդ երեխա: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-գինեկոլոգ Նելլի Աբգարյանը եւ Երեւանի գլխավոր ալլերգոլոգ Սպարտակ Գամբարովը, պատասխանելով մեր ընթերցողներից մեկի հարցին:
Մեր ընթերցողուհին հաղորդել է, որ ինքը 32 տարեկան է եւ յոթը տարի առաջ հիվանդացել է գրիպով, որից հետո նրա մոտ բրոնխիտ է սկսվել, որը հետո վերածվել է ասթմայի: Ժամանակ առ ժամանակ նա օգտագործում է սալբուտամոլի ինհալայտորներ կամ հաբեր է խմում: Կինը պատրաստվում է հղիանալ, եւ անհանգստանում է, կարելի է արդյոք այդ հաբերն ընդունել հղիության ժամանակ, եւ կարող է արդյոք ձեռք բերված ասթման փոխանցվել ժառանգաբար:
Մասնագետների կարծիքով, նշանակություն չունի ասթման բնածին է, թե ձեռք բերովի, ժառանգական գործոն է տվյալ հիվանդության նախատրամադրվածությունը: Երեխայի մոտ ասթմայի զարգացման ռիսկն ավելի բարձր է, եթե երկու ծնողներն էլ տառապում են հիվանությամբ: Թե ինչպե՞ս պետք է պահի իրեն կինը հղիանալուց առաջ եւ հղիության ընթացքում, պետք է խորհուրդ տան արդեն մասնագետները հետազոտություններից հետո:
«Կինը պետք է հետազոտվի, եւ մասնագետները պետք է պարզեն ասթմայի ծանրության աստիճանը»,- նշեց Նելլի Աբգարյանը, ավելացնելով, որ հղիությունը մեծ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար: Բրոնխիալ ասթմայի ծանրության աստիճանը պարզելն անհրաժեշտ է, որպեսզի կինն իմանա, արդյոք ինքը կարող է նորմալ անցկացնել ողջ հղիությունը, թե ոչ, եւ ինչպիսի անհատական բուժումներ պետք է նշանակվեն, որպեսզի հիվադությունը չսրանա: Ինչպես նաեւ գինեկոլոգի խոսքով , կինը պետք է զգույշ լինի երեխայի ծնունդից հետո, քանի որ նա ստիպված է լինելու կրկնակի անգամ ավելի ուշադիր հետեւել իր առողջությանը՝ հարբուխից, գրիպից, բրոնխիտից, թոքաբորբից խուսափելու համար:
Ինչ վերաբերում է սալբուտամոլին, ապա, ինչպես նշեց ալերգոլոգը, «այն օժտված չէ կանխարգելիչ հատկությամբ, այլ ուղղակի թեթեւացնում է ընդհանուր վիճակը նոպայի ժամանակ»: Համբարովի խոսքով այս դեղը բուժիչ չէ: Նոպայի կանխարգելման համար այսօր գոյություն ունեն բացարձակ այլ բուժման սխեմաներ: Ըստ նրա, հնարավոր է նշանակել որոշակի բուժում, որպեսզի հղիի մոտ նոպաներ չլինեն:






