Ձեր դիետան կարող է գենետիկական ազդեցություններ ունենալ, որոնց պատճառով հնարավոր է՝ ավելի արագ ծերանաք, պնդում են Հարավային Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները: Ուսումնասիրության հեղինակներ Շոն Քուրրանը եւ Շանշան Փանգը պարզել են գեների մի խումբ, որոնք օրգանիզմին հնարավորություն են տալիս հարմարվել տարատեսակ դիետաների եւ ցույց են տվել, որ դրանց բացակայության դեպքում նույնիսկ աննշան փոփոխությունները դիետայում կարող են հանգեցնել վաղաժամ ծերացման եւ նույնիսկ մահվան:
Հետազոտողները նաեւ պարզել են, թե ինչու են որոշ դիետաներ որոշ մարդկանց վրա ազդում, ուրիշների վրա՝ ոչ, հայնտնում է Fox News-ը։
Օրինակ՝ գիտնականները նույնականացրել են ALH-6 գենը, որը հետաձգել է ծերության ազդեցությունը՝ կախված այն բանից, թե ինչով են կերակրել որդին, որպեսզի նրան պաշտպանեն թերություններից:
Caenorhabditis elegans որդը տասնամյակներ շարունակ օգտագործվում է գենետիկ հետազոտությունների ոլորտում, որովհետև դրա գեներից շատերը նման են մարդու գեներին: Բայց գիտնականները ստույգ չգիտեն, թե որդի սննդակարգի հատկապես որ տարրերն են առաջացրել միտոքոնդրիումային թերություններ, որոնք հանգեցրել են արագ ծերացման:
Անցած տարի կատարված հետազոտության շրջանակներում գիտնականները հետեւել են 3500 մասնակցի եւ ուսումնասիրել են APOA2 գենի երկու՝ C եւ T տարբերակներն ու պարզել, որ այն մարդիկ, որոնք ունեցել են գենի C տարբերակը եւ հագեցած ճարպերի բարձր պարունակությամբ դիետա են պահել, գիրացել են: Իսկ այն մարդիկ, որոնք ունեցել են T գենի տարբերակը, պակաս հակված են եղել ճարպի բարձր պարունակության:
«Պատկերացրեք,- ասում է Քուրրանը,- մի գեղեցիկ օր նորածին երեխայի գենոմի հիման վրա հնարավոր կլինի ճշգրիտ ասել, թե ինչպիսի կերակրացանկ օգտակար կլինի նրա համար»:






