Մեզ միշտ ասել են, որ վատ մաշկը դեռահասության շրջանում հորմոնալ փոփոխությունների հետեւանք է, բայց մեծահասակները եւս մաշկի հետ կապված խնդիրներ ունենում են: Էկզեման, շտիկացանը (ուգրի), չոր մաշկը եւ պարբերաբար հայտնվող բծերն ընդհանուր մաշկային հիվանդություններ են, որոնք մեզ հետ են մնում ամբողջ կյանքում, եւ եթե մենք չբացահայտենք իրական պատճառը, լոսյոններն ու քսուքները միայն ժամանակավորապես, ոչ թե հիմնովին կվերացնեն դրանք, Fox News կայքում գրում է Ժաքլին Բենքսը՝ առողջության հարցերով հավաստագրված խորհրդատուն:
Cutaneous Medicine for the Practitioner ամսագրում հրապարակված գիտական հոդվածում ասվում է, որ ընկույզի, տապակած սննդի եւ կարտոֆիլի չիփսի օգտագործումը մեծացնում է պզուկների առաջացման ռիսկը:
Շաքարի եւ հորմոնների բարձր պարունակությամբ մթերքները, օրինակ՝ կաթնամթերքները, խցանում են ծակոտիները: Աշխատեք ընտրել բնական, օրգանական կաթնամթերքներ: Սպիտակ կերակրի աղն առաջացնում է այտուցներ եւ մաշկն ուռած, անառողջ տեսք է ունենում: Յոդացված աղը նպաստում է շտիկների առաջացմանը:
Սննդակարգից բացառելով վտանգավոր մթերքները՝ պետք է մտածել վիտամինների մասին:
Համաձայն Առողջապահության ազգային ինստիտուտների տվյալների, պզուկներ ունեցող մարդիկ ունեն ցինկի, A եւ E վիտամինների պակաս: Գազարը, մուգ տերեւավոր բանջարեղենը, քաղցր կարտոֆիլը A վիտամինի հրաշալի աղբյուր են: Նուշը, ձիթապտուղը, արեւածաղկի սերմերը եւ ծիրանի չիրը մաշկի համար վիտամին E կապահովեն, իսկ տավարի միսը, սպանախը եւ դդմի սերմերը՝ ցինկ:
Վերամշակված, զտված մթերքներից անցումը հակաբորբոքային դիետայի կարող է հրաշալի արդյունք ապահովել մաշկի համար: Բորբոքումը բուժելու ամենապարզ միջոցը բնական ճարպային թթուներով հարուստ դիետան է: Այսպիսի առողջ ճարպեր են պարունակում քաղցրահամ ջրերի ձկները՝ վայրի իշխանը եւ ծովատառեխը, կոկոսի օրգանական յուղը, հունական ընկույզը, բրազիլական ընկույզը, կտավատի սերմերը, չիայի սերմերը եւ ծովային բանջարեղենը:
Հակաօքսիդանտներով հարուստ մթերքները եւս կարեւոր են մաշկի համար: Հապալասը, մոշը, ելակը եւ սալորը հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում, դրանք եւս ներառեք Ձեր սննդակարգում:






