Սրտի նոպայի նման սուր ցավը կրծքավանդակում կարող է այլ բան լինել՝ սուր պերիկարդիտ՝ կյանքի համար պոտենցիալ վտանգավոր սրտապարկի թերթիկների բորբոքում, ինչն առաջացնում է սրտապարկի թանձրացում եւ հաստացում, կամ հնարավոր է՝ ավելի լուրջ հիվանդություն՝ կոնստրիկտիվ պերիկարդիտ, որի դեպքում մարդը շնչահեղձություն է զգում:

Այս կլինիկական խնդիրները կարող են առաջանալ մի շարք պատճառներով՝ սկսած վիրուսային վարակներից, մինչեւ այն, որ կարող են վիրաբուժական վիրահատությունների հետեւանք լինել, ասում է Քլիվլենդի կլինիկայում սրտանոթային հիվանդությունների պատկերման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն բժիշկ Ալլան Քլեյնը: Բժիշկներն օգտագործում են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), էխոկարդիոգրաֆիան, բորբոքման մարկերները, որպեսզի գնահատեն վիճակի ծանրությունն ու համապատասխան բուժում նշանակեն:

Բժիշկ Քլեյնի խոսքով՝ սուր պերիկարդիտի դեպքում հիվանդները  ցավից կծկվում են, չեն կարողանում շնչել: «Ցավն անցնում է ձախ ուսին, եւ նրանք ստիպված են առաջ խոնարհվել, որպեսզի թեթեւություն զգան»,- ասում է բժիշկը:

Կոնստրիկտիվ պերիկարդիտի դեպքում հիվանդների պարանոցի եւ որովայնի հատվածում երակներն ուռչում են, նաեւ ոտքերն են ուռչում:

Քանի որ պերիկարդիտի ախտանիշերը նման են սրտի եւ թոքերի այլ հիվանդությունների նշաններին, շատ դժվար է ախտորշել այն: Վերջերս Բժիշկ Քլեյնն աշխատել է փորձագետների խմբի հետ՝ Էխոկարդիոգրաֆիայի ամերիկյան միության համար նոր ձեւ մշակելու նպատակով, որպեսզի  բժիշկներին օգնի ախտորոշել հիվանդությունը: Հաշվետվության մեջ սահմանվում են գիտականորեն հիմնավորված առաջարկություններ, որոնք բժիշկներին եւ սրտաբաններին կօգնեն ախտորոշել հիվանդությունը:

Բժիշկ Քլեյնն ասում է, որ պերիկարդիտ լինում է եւ երիտասարդների (նույնիսկ՝ դեռահասների), եւ 60-70 տարեկան մարդկանց շրջանում. «Ես նույնիսկ դպրոցական հիվանդ եմ ունեցել, որը ստիպված էր մի ամբողջ տարի դպրոց չգնալ»:

Սովորաբար պերիկարդիտի դեպքում նշանակվում է եռակի դեղորայքային թերապիա՝ ՈՍՀԲԴ ( ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր), պրեդնիզոլոն եւ  կոլխիցին՝ բորբոքումը նվազեցնելու եւ վիրաբուժական միջամտությունը կանխելու համար: Ավելի ծանր դեպքերում սրտապարկի թերթիկն ամբողջությամբ հեռացվում է վիրահատության միջոցով, կամ հեռացվում է դրա մեծ մասը (պերիկարդեկտոմիա):

Պերիկարդն օգնում է սիրտը պաշտպանել վարակներից, բայց կենսականորեն անհրաժեշտ օրգան չէ:

Բժիշկ Քլեյնը նախազգուշացնում է, որ ի տարբերություն շատ այլ հիվանդությունների՝ պերիկարդիտների դեպքում ֆիզիկական վարժությունները խորհուրդ չեն տրվում, հատկապես՝ սուր բորբոքումների դեպքում: «Չի կարելի չափազանց արագ շարժվել,- ասում է նա:- Տվյալ դեպքում վարժությունները կտրականապես հակացուցված են»: