Ինչպե՞ս կարող են երկվորյակ եղբայրները կամ քույրերը ոչ միայն տարբեր ծննդյան օր ունենալ, այլ նաեւ տարբեր ամիսների ընթացքում ծնվել: ԱՄՆ Կանզաս նահանգի բնակչուհիներից մեկի հետ պատահած հրաշքը պատասխան կտա այս հարցին:
Էլեն Քոուանն իր երկվորյակներին գրեթե 6 շաբաթ տեւած ընդմիջումով է լույս աշխարհ բերել: Նորածնային խնամքի բաժնում 100 օր անցկացնելուց հետո, 4 եւ 6 ամսական փոքրիկները, որոնք արդեն շուրջ 4 կգ են կշռում, այլեւս տուն են տեղափոխվել, հաղորդում է FoxNews-ը:
Հղիության 24-րդ շաբաթվա ընթացքում Էլենին զգուշացրել էին, որ իր ամնիոտիկ պարկը դեպի ծննդաբեության ուղին արտափքված տեսք է ստացել: Այնուամենայնիվ, ապագա մայրը հրաժարվել էր հետեւել աշխատանքը թողնելու խորհրդին եւ որոշ ժամանակ անց ավագ որդուն` Կառլին էր լույս աշխարհ բերել: Փոքրիկն ընդամենը 600 գրամ էր կշռում եւ չափերով այնքան փոքր էր, որ մայրը կարող էր ամուսնական մատանին նրա բազկին հագցնել:
Բժիշկների խոսքով, վաղաժամկետ ծննդաբերության պատճառը արգանդի վզիկի դիսֆունկցիան է եղել: Մասնագետները ստիպված են եղել բառացիորեն կարել այն եւ դեղամիջողների եւ հատուկ փչվող սարքի օգնությամբ Կառլի եղբորը` Դեյվիդի կենդանի մնալու համար հավելյալ պայմաններ ստեղծել:
Էլեն Քոուանը հաջորդ վեց շաբաթները անկողնային ռեժիմով է անցկացրել եւ միայն Կառլին տեսնելու համար էր ոտքի կանգնում: Երբ, 39 օր անց, վերջապես Դեյվիդն էլ ծնվեց, Էլենին թվում էր, թե կրտսեր որդին հսկա է` ավագի համեմատությամբ, այնինչ նա ընդամենը 1,5 կգ էր կշռում:
Երկվորյակների մայրը մտադիր է տղաների տարեդարձը առանձին նշել` ի հիշատակ այն ամենի, ինչի միջով անցել է:
Որքան էլ որ նման երեւույթը հազվադեպ լինի, Գինեսի ռեկորդների գրքում երկվորյակների` ընդմիջումով լույս աշխարհ գալու մասին այլ տվյալներ էլ կան, եւ Էլենի հետ պատահած դեպքը բոլորովին էլ գերռեկորդային չէ: Որպես ամենաերկար ընդմիջում 87 օրն է հիշատակվում:





