Ծնողները պետք է մանկահասակ երեխաներին պաշտպանեն վնասակար արտանետումներից եւ փողոց դուրս գալիս ծածկեն մանկասայլակները, հատկապես առավոտյան ժամերին, խորհուրդ են տալիս բրիտանացի գիտնականները:
Լուսացույցները եւ ավտոբուսի կանգառները համարվում են օդի առավելագույնս աղտոտված գոտիները: Սարեյ կոմսության համալսարանի մասնագետները պարզել են, որ առավոտյան ժամերին աղտոտվածությունն ավելի շատ է, քան ցերեկը:
Վտանգավոր գոլորշիները շնչող մանկահասակ երեխաները օդի աղտոտվածության նկատմամբ ավելի խոցելի են, քանի որ նրանց մարմնի զանգվածն ավելի փոքր է, իսկ օրգանիզմը զարգացման փուլում է:
Սարեյի համալսարանի գիտնականները հետազոտությունն իրականացնելիս, որի արդյունքների մասին հրապարակվել է Environmental Pollution («Օդի աղտոտում») պարբերականում, հենվել են մանկասայլակների մեջ չափումների տվյալների վրա, որոնք փողոցում են հայտնվել երեխաներին դպրոց տանելիս եւ դպրոցից տուն վերադառնալիս:
64 մանկասայլակների չափումները կատարվել են Գիլֆորդ քաղաքում (գտնվում է Լոնդոնից հարավ-արեւմուտք)՝ 80 կմ տարածությամբ:
Հետազոտության ղեկավար Փրաշանթ Քումարը նշել է, որ բացահայտված տվյալները ծնողների համար պետք է նախազգուշացում լինեն:
«Մանկահասակ երեխաներն օդի աղտոտվածության նկատմամբ ավելի խոցելի են, քան մեծահասակները, քանի որ նրանց համակարգերը [շնչառական, արյան շրջանառության] դեռեւս չեն ձեւավորվել, եւ նրանց մարմնի զանգվածն ավելի փոքր է: Ամենագլխավորն այն է, որ երեխաները կարող են շնչել միանգամայն վնասակար եւ վտանգավոր քիմիական նյութեր, ինչպիսին են երկաթի, ալյումինի օքսիդը եւ կրեմնիումի երկօքսիդը, որոնք միմյանց հետ տարբեր մեծության մասնիկներ են առաջացնում»,- ասել է գիտնականը:
Բժիշկ Քումարը պարզաբանել է, որ երեխաներին պատնեշելու ամենալավ միջոցը մանկասայլակներում պաշտպանական պատնեշ տեղադրելն է, հատկապես լուսացույցների, խաչմերուկների եւ ավտոբուսների կանգառների մոտ:
Նրա խոսքով՝ իր ղեկավարած խումբը փորձում է գտնել մանկասայլակների շուրջը օդը մաքրելու միջոցներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հաշվետվության մեջ նշված է, որ ամեն տարի աշխարհում 570 հազար երեխա մահանում է շրջակա միջավայրի աղտոտվածության հետ կապված հիվանդություների հետեւանքով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր