Չնայած նրան, որ մարդն իր հորից ու մորից հավասար քանակությամբ գեներ է ստանում, ավելի ակտիվ օգտագործվում է հորից ժառանգած ԴՆԹ-ն: Այս եզրակացության են եկել գիտնականները լաբորատոր մկներին ուսումնասիրելուց հետո: Գիտնականների արձանագրած արդյունքներն արդիական են նաեւ բոլոր կաթնասունների դեպքում: Համապատասխան հոդվածը լույս է տեսել Nature Genetics ամսագրում:
Չնայած նրան, որ մարդը ամեն գենի մեկական օրինակ է ստանում իր երկու ծնողներից (միակ բացառությունը սեռական քրոմոսոմներն են), ժառանգած այս օրինակները տարբեր ինտենսիվությամբ են դրսեւորվում: Հյուսիսային Կարոլինա համալսարանի գիտնականները հետազոտել են գեների էքսպրեսիան՝ գեների ակտիվությունը ՌՆԹ արտադրելիս: Նշենք, որ ՌՆԹ-ից այնուհետեւ ձեւավորվում են սպիտակուցները, որոնք օրգանիզմում շինանյութի դեր են խաղում:
Գիտնականները մկների երեք խումբ են խաչասերել՝ ինը տեսակի ժառանգություն ստանալով: Երբ մկները մեծացան, գիտնականները չափեցին տարբեր հյուսվածքներում գեների էքսպրեսիայի մակարդակը՝ համեմատելով ամեն գենի մայրական ու հայրական օրինակի դերակատարությունը: Պարզվեց, որ հայրական տարբերակը դեպքերի 60 տոկոսում առավել ակտիվ է դրսեւորվում (միջին հաշվարկներով): Այսպես, մկների ուղեղը ավելի նման էր հոր ուղեղին:
Հետազոտողների կարծիքով՝ այս արդյունքները նույնն են բոլոր կաթնասունների դեպքում: «Մենք պարզեցինք, որ այս կենդանիների մոտ առավել ակտիվ են էքսպրեսավորվում հայրական գեները: Այս փաստն անմիջական կապ ունի ժառանգական հիվանդությունների բուժման հետ: Մորից ժառանգած վնասակար մուտացիան այնքան ուժեղ չի քայքայում օրգանիզմը, որքան հորից ժառանգածը», - նշել է հետազոտության ղեկավար Ֆերնանդո Պարդո-Մանուել դե Վիլենան (Fernando Pardo-Manuel de Villena):
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր