Հեմոքրոմատոզը գենետիկայով պայմանավորված հիվանդություն է, որի ընթացքում օրգանիզմում խախտվում է երկաթի փոխանակությունը եւ այն սկսում է կուտակվել հյուսվածքներում եւ օրգաններում: Ինչպես պատմել է «Հանուն առողջ սննդի»քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գոհար Ջրբաշյանը, նման հիվանդություն ունեցող մարդկանց սննդում երկաթի ավելցուկը կարող է շատ վտանգավոր լինել:
Իրենից ի՞նչ է ներկայացնում հեմոքրոմատոզը, որքանով է տարածված եւ ինչու է վտանգավոր:
Երկաթը շատ կարեւոր միկրոտարր է, որը պարունակվում է բազմաթիվ սննդամթերքներում` հիմնականում կարմիր մսում, լյարդում, ձկան մեջ, ինչպես նաեւ հատուկ հարստացված հացում եւ ալյուրում: Երկաթը օրգանիզմում մի շարք կարեւոր գործառույթներ է կատարում, սակայն հեմոքրոմատոզով հիվանդ մարդկանց մոտ երկաթի մարսումը խանգարվում է, եւ այն սկսում է կուտակվել լյարդում, սրտում, ենթաստամոքսային գեղձում, փայծաղում, մաշկում (ինչից մաշկն անսովոր երանգ է ստանում), էնդոկրին գեղձերում եւ այլ տեղերում:
Օրգանիզմում երկաթի ավելորդ կուտակումը բավականին վտանգավոր է եւ կարող է մի շարք հիվանդություններ առաջ բերել, ինչպիսիք են լյարդի ցիռոզը, սրտային անբավարարությունը, շաքարախտը, հոդաբորբը: Կարծիք կա նաեւ, որ օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը, հենց դրա համար էլ այնպիսի հիվանդություններ ունեցող մարդիկ, որոնց օրգանիզմում երկաթ է կուտակվում, օստեոպորոզի ռիսկի խմբում են:
Մինչ առողջ մարդու օրգանիզմում 3-4 գրամ երկաթ է պարունակվում, հեմոքրոմատոզի դեպքում դրա քանակությունը հասնում է 20-60 գրամի:
Հետաքրքիր է նաեւ, որ առաջնային (այսպես կոչված գենետիկ, բնածին) հեմոքրոմատոզից բացի, գոյություն ունի նաեւ երկրորդականը, որը կապված է արյան բազմակի փոխներարկումների եւ երկաթ պարունակող դեղերով սխալ բուժման հետ:
Հեմոքրոմատոզը որքանո՞վ է տարածված:
Գեղձերի խանգարումների ինստիտուտի տվյալների համաձայն, ԱՄՆ-ում մոտ 1 մլն մարդ կա, որոնք հեմոքրոմատոզի հակում ունեն եւ 150 հազար հիվանդ, ում մոտ ախտորոշվել է այդ հիվանդությունը:
Հայաստանում այդ հիվանդության տարածվածության մասին ոչինչ հայտնի չէ. հավաստի վիճակագրություն չկա: Սակայն հայտնի է, որ աշխարհի բնակչության մոտ 10%-ը հեմոքրոմատոզի հետերոզիգոտային գեների կրողներ են, եւ Հայաստանը հազիվ թե բացառություն կազմի:
Բացառված չէ, որ հեմոքրոմատոզից եւ երկաթի կուտակման պատճառ դարձող այլ հիվանդություններից տառապող մարդկանց համար երկաթով հարստացված ալյուրը կարող է վտանգ ներկայացնել, կարծում է Գոհար Ջրբաշյանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր