• Latest news

Ծննդկանների մահվան երեք դեպքերում գործ ունենք բուժանձնակազմի անուշադիր վերաբերմունքի հետ. փոխնախարար

16 դեկտեմբերի, 2016  15:43

2016 թվականին Հայաստանում հետծննդյան արյունահոսության պատճառով ծննդկանների մահվան բոլոր երեք դեպքերում գործ ունենք բժշկական անձնակազմի անուշադիր վերաբերմունքի հետ: Այս մասին տարեկան ամփոփման մամուլի ասուլիսում հայտարարեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ մայրական մահվան յուրաքանչյուր դեպքով Առողջապահության նախարարությունում հանձնաժողովներ են ստեղծվել, որոնք իրենց աշխատանքը կատարել են, հայտնաբերվել են թերությունները, որոնք կապված են վարման եւ բուժման հետ: «Մենք բոլոր ծննդատներ շրջաբերական ենք ուղարկել, որում նշել ենք, որ գոյություն ունի քայլերի հերթականություն, որոնք իրականացման համար պարտադիր են: Մենք տեղերում ուսուցման նոր դասընթացներ ենք սկսել ըստ կլինիկական այն ուղեցույցների, որոնք իրականում կան: Այս դեպքերում, դրանցից առնվազն երկուսում, մենք գործ ենք ունեցել բուժանձնակազմի անուշադիր վերաբերմունքի հետ, որը կարող էր այդպիսի բարդությունների՝ արյունահոսության եւ մահվան հանգեցնել»,- նշեց փոխնախարարը:

Նա մեկ անգամ եւս ընդգծեց, որ այդ երեք դեպքերով բոլոր թերությունները բացահայտվել են, եւ այդ մասին տեղեկացվել է ամբողջ համակարգը: «Բոլոր երեք դեպքերով քննչական միջոցառումներ են կատարվում, եւ միայն դրանց ավարտից հետո է հնարավոր խոսել բուժանձնակազմի մեղքի կամ սխալի մասին: Առողջապահության նախարարությունը ներկա պահին իրավունք չունի գնահատելու բժիշկների եւ բուժքույրերի գործողությունները»,- ասաց նա:

Սերգեյ Խաչատրյանը հայտնեց, որ 2016 թվականին Հայաստանում ընդհանուր առմամբ մայրական մահվան 10 դեպք է գրանցվել, որոնցից 7-ը՝ հղիության հետ կապ չունեցող պատճառներով:

Նրա խոսքով՝ տարեսկզբին 2 կանայք մահացել են թոքաբորբից, որոնցից մեկի մոտ հայտնաբերվել է АH1N1 վիրուս (խոզի գրիպ): Երրորդ դեպքում կնոջ մոտ առկա էր աղիքային սուր անանցանելիություն: Չորրորդ կինը ռեւմատիզմով էր տառապում, նրա մոտ առկա էր միտրալ փականի պրոլապս, եւ հղիության ընթացքում կաթված էր ստացել: Հինգերորդ դեպքում հղի կինը մահացել է լյարդի սուր անբավարարությունից եւ լյարդի կոմայից: Այս կինը բնակության մշտական վայր չուներ, նա վարակված էր հեպատիտ С-ով: Գրանցվել է նաեւ տուբերկուլյոզային ինտոկսիկացիայից ծննդկանի մահվան դեպք: Յոթերորդ կինը Վեդիում հղիության 36-րդ շաբաթում մահացել է տանը՝ ուղեղի ինքնաբերական արյունազեղումից:

Նախարարը հիշեցրեց, որ անցյալ տարի՝ 2015 թվականին Հայաստանում 5 ծննդկան է մահացել, եւ բոլոր այդ դեպքերը կապված էին ծննդաբերական բարդությունների հետ:

Նրա խոսքով՝ փոքրաթիվ բնակչությամբ երկրների դեպքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվարկում է մայրական մահվան դեպքերի եռամյա ցուցանիշ, եւ Հայաստանի 2014-2016 թվականների եռամյա ցուցանիշը, մայրական մահվան նույնիսկ 10 (այլ ոչ թե 3) դեպքերը հաշվի առնելով, կազմում է 100 հազար ծնունդից 18, որը 0,6 տոկոսով պակաս է նախորդ եռամյա ցուցանիշից:

Ի պատասխան այն հարցին՝ ամո՞թ չէ, որ 21-րդ դարում Երեւանի ծննդատանը կինն արյունահոսությունից է մահանում, փոխնախարարը նշեց. «Եթե հարց եք տալիս, դա հարց չէ, եթե ամաչացնում եք, ամաչեցի»։  «Վատ է եղել, ճիշտ եք ասում, վերահսկողությունը, մենք դրա մասին խոսել ենք, եւ խոսել ենք շատ ավելի բարձր տոներով մարդկանց հետ, ովքեր դրա մեջ ներգրավված են եղել։ Բայց այս պահի դրությամբ մենք ավելին անել չենք կարող, մենք պետք է գնանք առաջ: Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի այլեւս նման բան չլինի»,- հավաստիացրեց նա:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 27-ին «Սլավմեդ» ծննդատանը հետծննդյան արյունահոսությունից մահացել է 28-ամյա Տաթեւ Գասպարյանը: 44-ամյա Նաիրա Աբգարյանը եւս Երեւանում է մահացել՝ հուլիսի 21-ին «Շենգավիթ» ԲԿ-ում, իսկ 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը մահացել է հոկտեմբերի 18-ին Վանաձորի ԲԿ-ում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել