• Latest news

Հայաստանում դեռեւս առողջ սնվելու գիտելիքներն անբավարար են. մասնագետ

7 փետրվարի, 2017  19:20

Առողջ սնվելու խնդիրը Հայաստանում շարունակում է մնալ առավել լուրջ խնդիրներից մեկը. եթե, օրինակ, ծխելու վնասի մասին բնակչությունն արդեն բավականաչափ տեղեկացված է, նաեւ մի շարք ծրագրեր կան, որոնք ծխելուց հրաժարվել եւ առողջ կենսակերպ են քարոզում, ապա առողջ կենսակերպի կարեւոր բաղկացուցիչ համարվող առողջ սնվելու մասին տեղեկացվածությունը երկրում բավական ցածր է: NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին պատասխանելիս այս մասին ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Մասնագետի խոսքով՝ հայերն այսօր բավական քիչ են տեղեկացված տրանս ճարպերի, ճարպերի տարատեսակների վնասի մասին, այն մասին, թե սխալ սնվելն ինչպես է ներգործում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման հավանականության վրա: Մասնագետը, սակայն, ծրագրել է առաջիկայում ծրագրեր մշակել, որոնք կօգնեն լրացնել այդ բացը եւ բարելավել հայերի սննդակարգը, ինչն առողջ կենսակերպի քարոզչությանն ուղղված մյուս միջոցառումների հետ պետք է օգնի նվազեցնել սիրտ-անոթային եւ այլ ոչ ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդացածությունը:

Հիշեցնենք, որ Global Burden of Diseases Nutrition and Chronic Diseases Expert Group-ի կողմից (NutriCoDE) անցկացված հետազոտության արդյունքներով Հայաստանը գլխավորել էր ամենաանառողջ սննդակարգով երկրների ցուցակը: Հետազոտության շրջանակներում ընդգրկվել է 4.5 մլրդ չափահաս մարդ՝ մոլորակի բնակչության 90 տոկոսը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Global ամսագրում: Ըստ գիտնականների՝ առողջ սննդակարգը ենթադրում է մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի օգտագործում: Իսկ ահա անառողջ է համարվում այն սննդակարգը, որը ներառում է ֆասթ-ֆուդը, կոնսերվացված ու տապակած սնունդը:

Մեկնաբանելով հետազոտությունը՝ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ տնօրեն Բաբկեն Պիպոյանը նշեց, որ հետազոտության մեջ դիտարկվում են երկրում օգտագործվող առողջ եւ անառողջ սննդամթերքի համադրությունը։ Առողջ սնունդ են համարվում հատիկավոր բույսեր, ընդեղենը, ձավարեղենը, մրգերը, բանջարեղենը, ձուկը, կալցիում եւ օմեգա 3 հագեցած ճարպեր պարունակող մթերքները, դիետիկ մթերքները։ Պիպոյանի խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի բնակիչները մեծ քանակությամբ օգտագործում են անառողջ ցուցակի մթերքները՝ վերամշակված միս, յուղոտ մթերքներ, մեծ քանակությամբ աղ, գազավորված ըմպելիք, իսկ դա մտահոգության լուրջ առիթ է։

Մեկ այլ վարկանիշի համամձայն՝ ամենաանառողջ խոհանոցների վարկանիշում հայկական խոհանոցը  նորից առաջին տեղում է: Steak Lovers պարբերականի կազմած ցանկում ընդամենը 9 երկիր է ներառված, որոնց խոհանոցները, հեղինակների խոսքով, ձեւավորվել են պատմական ժառանգության եւ ժամանակակից իրականության ազդեցությամբ: Վարկանիշի հեղինակների համաձայն՝ Հայաստանում դիետոլոգիայի ուժեղ զարգացած սոցիալական ինստիտուտ չկա, արդյունքում դպրոցականները ճաշարանում շոկոլադե սալիկներ, չիփս եւ հոթ դոգ են ուտում: Ավելին, երկրում ամենաշատ վաճառվող մթերքը քաղցրեղենն է: Սա ժամանակակից հայ մարդու սննդակարգը ծայրահեղ անառողջ է դարձնում:

Հարկ է նկատել, սակայն, որ ավանդական հայկական խոհանոցն իրականում միանգամայն առողջ եւ ճիշտ է. տոլման, ղափաման, սպասը եւ հարիսան օգտակար են առողջության համար, բայց խնդիրն այն է, որ ներկայում միջին վիճակագրական հայի սննդակարգում ոչ թե այս ուտեստներն են, այլ արագ սնունդն ու քաղցրավենիքը:

Ինչպես բացատրում է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, հայերի մեծամասնությունը սնվում է շատ ու շատ սխալ: Բժշկի խոսքով՝ առաջին հերթին պետք է նշել, որ հայերը շատ են սիրում տապակած սնունդ՝ չնայած որ այն համարվում է շատ վնասակար: Էլ ավելի վհատեցնող է այն, երբ տապակած սնունդը համադրվում է հացի եւ արագ յուրացվող ածխաջրերի հետ, իսկ հայերը գրեթե միշտ տապակած միսը հացի հետ են ուտում:  Հայաստանում սկսել են մեծ քանակությամբ ֆասթ ֆուդ օգտագործել։ Շատերը մրգեր են ուտում երեկոյան՝ ընթրիքից հետո՝ չհասկանալով, որ մրգերն արագ յուրացվող ածխաջրեր եւ էներգիայի աղբյուր են եւ կարող են նպաստել գիրանալուն, եթե օգտագործվում են ոչ թե օրվա առաջին կեսին, այլ երեկոյան: 

Սխալ սնվելու  հետեւանքով Հայաստանում տարածվում է ճարպակալման խնդիրը։ Ճարպակալմամբ տառապող մարդիկ հաճախ են բախվում շաքարախտին, սիրտ-անոթային հիվանդություններին, ոսկրերի եւ այլ խանգարումների հետ կապված խնդիրներին: The New England Journal of Medicine-ում հրապարակված 1000 հետազոտությունների թիրախային վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելորդ քաշը զգալիորեն մեծացնում է քաղցկեղի 13 տարատեսակների առաջացման վտանգը: 

Ճարպակալումն եւ մետաբոլիկ համախտանիշը միայն էսթետիկ խնդիր չեն։ Դա լուրջ սպառնալիք է առողջության եւ անգամ կյանքի համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է