Հնարավոր է՝ բրոկոլիի մզվածքը դիաբետի դեմ գաղտնի զենք դառնա. այս մզվածքը կարող է օգնել 2-րդ տիպի դիաբետով հիվանդների արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը: Այս մասին հայտնում են Լունդի համալսարանի (Շվեդիա) գիտնականները:
Նրանց իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ սնունդի մեջ բրոկոլիի օգտագործումը՝ կոշտ ձեւով կամ որպես հյութ, օգնում է կասեցնել 2-րդ տիպի դիաբետի առաջընթացը: Այս հիվանդության վերահսկումը դժվար գործ է: Կենսակերպում կատարվող որոշ փոփոխությունները, հատկապես քաշի ծավալի փոքրացումը կարեւոր գործոններ են համարվում, որոնք օգնում են կասեցնել դիաբետի առաջընթացը: Սակայն կարճաժամկետ հեռանկարում դիբետիկներից շատերի համար գլյուկոզայի մակարդակի վերահսկման միակ մեթոդը դեղերն են:
Արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման տարածված դեղամիջոց մետֆորմինը դիաբետիկներից մոտ 15 տոկոսին չի համապատասխանում երիկամների վրա ազդեցության պատճառով: Գիտնականների խոսքով՝ բացառված չէ, որ ապագայում մետֆորմինին կարողանա փոխարինել բրոկոլիի բաղադրամաս սուլֆորաֆանը: Այն կարելի է օգտագործել որպես կոկտեյլ կամ ըմպելիք, այն նաեւ 2-րդ տիպի դիաբետի բուժման բոլոր ավանդական միջոցների լրացում դառնալու հնարավորություն ունի: Վերջապես, կարելի է սուլֆորաֆանը խորհուրդ տալ որպես նախադիաբետով մարդկանց սննդակարգի պարտադիր տարր:
Նախադիաբետի դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, բայց այն դեռեւս այն աստճան բարձր չէ դիաբետ ախտորոշումը հաստատելու համար: Բազմաթիվ կարծիքներ կան այս կամ այն սննդամթերքի օգուտների վերաբերյալ, սակայն գիտնականներն ապացուցել են, որ սուլֆորաֆանը ներգործում է բավականին ծանր հիվանդության առաջընթացի վրա՝ թույլ տալով տպավորիչ արդյունքի հասնել: Այս բաղադրիչը զգալի օգուտ է տալիս ճարպակալմամբ տառապող հիվանդներին, որոնք արյան մեջ գլյուկոզայի մակարդակը մեծ դժվարությամբ են կարգավորում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր