• Latest news

Խորհրդարանական հանձնաժողովը դոնորական օրգանների վերաբերյալ օրենսդրական փաթեթը ուղարկեց լրամշակման

10 հունվարի, 2018  18:36

Հունվարի 10-ին ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը որոշում կայացրեց լրամշակման ուղարկել արյան, օրգանների եւ հյուսվածքների դոնորության եւ փոխպատվաստման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

Փոփոխությունների փաթեթը հանձնաժողովի նիստին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նա պարզաբանեց, որ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը թելադրված է գործող օրենսդրությունը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ արյան դոնորության եւ արյան պաշարների հետ կապված նոր պահանջներ են հայտնվել:

Մասնավորապես, ինչպես նշել է Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, արգելվում է եվգենիկայի ոլորտում փորձեր իրականացնել, եւ այդ կապակցությամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգիրքում, ըստ որոնց այդ փորձերը քրեական հանցագործություն են համարվում  եւ պատժվում են օրենքով:

Մյուս փոփոխությունները վերաբերում են օրգանների եւ արյան դոնորությանը. առաջարկվում է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում դոնորական օրգանների վաճառքի արգելքը ձեւակերպել հետեւյալ կերպ՝ «Կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները եւ հյուսվածքները  շահույթի աղբյուր դարձնելը արգելվում է»:

«Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում առաջարկվում է ամրագրել, որ պետությունը կամ բժշկական հաստատությունը դոնորից արյուն չի գնում, այլ փոխհատուցում է դոնորի՝ արյուն տալու էներգետիկ եւ կենսաբանական ծախսերը, ինչպես նաեւ՝ տրանսպորտային ծախսերը: Նույն օրենքը առաջարկվում է նաեւ ամրագրել Արյան ազգային ծառայություն հասկացությունը:

Փոխնախարարը պարզաբանեց, որ Արյան ծառայությունը նոր մարմին չէ. այն բժշկական հաստատությունների, ինչպես նաեւ դոնորության քարոզչությամբ եւ դոնորների ներգրավմամբ զբաղվող կազմակերպությունների ցանց է:

Սերգեյ Խաչատրյանը հավելեց որ նախկինում արյան պետական պաշարները հավաքվում եւ պահվում էին կենտրոնացված՝ Արյունաբանության ազգային կենտրոնում, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ մեկ կենտրոնը չի կարող զբաղվել այդ խնդրի լուծմամբ: Հետեւաբար, առաջարկվում է օրենքում ամրագրել, որ դոնորական արյուն հավաքելու եւ պահելու համար թույլտվություն ունեցող բոլոր բժշկական հաստատությունները պարտավոր են մասնակցել արյան պետական պաշարների ձեւավորմանը:

Քննարկման ժամանակ խորհրդարանական հանձնաժողովի անդամները հիմնականում չհամաձայնեցին այն ձեւակերպման հետ, որ օրգաններն ու հյուսվածքներն արգելվում է շահույթի աղբյուրի վերածել: Մասնավորապես, «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ տրամաբանությամբ է առաջարկվում  օրենքի՝ օրգանների վաճառքի վերաբերյալ ներկա դրույթը վերափոխել  շահույթի ստացման արգելքով: Ըստ նրա, այս կետը կարող է տարընթերցման տեղիք տալ, քանի որ եթե փոխպատվաստման համար վճարում են, ապա դա կարելի է եւ այնպես հասկանալ, որ այստեղ շահույթ կա:

«Եթե չկա օրգան, չկա նաեւ փոխպատվաստման վիրահատություն եւ վիրահատող մասնագետը շահույթ չի ստանա: Ուստի այստեղ խնդիր կա», - ասաց նա:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտա Եսայանը նշեց, որ օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստում իրականացնող բժշկական հաստատությունը ամեն դեպքում շահույթ է հետապնդում, եւ այս տեսանկյունից նոր ձեւակերպումը այդքան էլ հասկանալի չէ:

Սերգեյ Խաչատրյանը պարզաբանեց, որ այս ձեւակերպումը տրված է նոր Սահմանադրությամբ, եւ այս փոփոխությունը միայն այդ հանգամանքով է թելադրված: Ըստ նրա՝ եթե որեւէ մեկը վճարում է փոխպատվաստման համար, ապա նա վճարում է ոչ թե օրգանի, այլ այն միջոցառումների համար, որոնք իրականացնում է բժշկական հաստատությունը:

Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ դա չի նշանակում, որ բժշկական հաստատությունները կամ պետությունը արյան կամ օրգանների ձեռքբերման համար ծախսեր չեն կատարում կամ բժշկական հաստատությունը փոխպատվաստումից շահույթ չի ստանում: Սակայն այդ շահույթը որեւէ կապ չունի օրգանի վաճառքից ստացված շահույթի հետ:

Այն մտքի հետ, որ դրույթը տարընթերցման տեղիք է տալիս, համաձայնեց նաեւ առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Հանձնաժողովի որոշմամբ փաթեթը կուղարկվի լրամշակման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է